Գրետա Տունբերգը ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում
Ֆրանսիայի ազգային ժողովում շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Տունբերգի հայտնվելը իրարամերժ զգացմունքներ է առաջացրել օրենսդիրների մոտ: Մի մասը ջերմորեն ողջունել է աշակերտուհուն, ով դարձել է գլոբալ տաքացման դեմ պայքարի խորհրդանիշ, մյուսները քննադատել են նրա գործողությունները և բոյկոտել խորհրդարանի նիստը:
Եվրանյուզի հաղորդմամբ, 16-ամյա Գրետան կատարել է իր առաքելությունը՝ դիմելով պատգամավորներին կարճ ելույթով. «Ես կարծում եմ, որ ամենամեծ վտանգը մեր անգործությունն է: Խնդիրն այն է, որ ընկերություններն ու քաղաքական գործիչները միայն գործունեության տպավորություն են ստեղծում: Սակայն իրականում ոչինչ տեղի չի ունենում: Մենք տեսնում ենք միայն լավ զեկույցներ և կրեատիվ փիառ: Ոմանք որոշել են չգալ այստեղ, չլսել մեզ: Դա նորմալ է: Մենք ուղղակի երեխաներ ենք: Եվ մեզ կարելի է չլսել: Բայց դուք պետք է լսեք գիտական հանրության, փորձագետների ձայնը: Մենք խնդրում ենք ընդունել գիտական տեսակետը»:
Գրետա Տունբերգը հայտնի է դարձել իր հայրենիքում անցյալ տարվա սեպտեմբերին: Ամեն ուրբաթ աղջիկը փախչում էր դասերից և բողոքի ակցիա անում Ստոկհոլմում՝ խորհրդարանի շենքի առջև, պահանջելով հետևել կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը: Դասադուլներին միացել էին Տունբերգի հասակակիցներն ամբողջ աշխարհից: Հատկանշական է, որ Տունբերգի այցը Փարիզ համընկել է շոգի հերթական պիկին: Փարիզում ջերմաստիճանը հասել է 40-ի: