Բուլղարիայում աֆրիկյան ժանտախտ է տարածվել
Բուլղարիայի Ռուսե, Պլևեն և Ռազրադ քաղաքների շրջակայքում արտակարգ դրություն է հայտարարվել՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկումների կապակցությամբ: Սկզբում ժանտախտը տարածվել է Բրաշլեն գյուղի խոշորագույն խոզի ֆերմաներից մեկում: Ներկայումս այստեղ կա ավելի քան 40 հազար խոզ, որոնց առաջիկա օրերին ստիպված կլինեն վերացնել՝ ժանտախտի տարածումը կանխելու համար: Այս մասին գրում է euronews-ը։
Բուլղարիայի Սննդամթերքի անվտանգության գործակալության ղեկավար Ալեքսանդրա Միտեան ասել է, որ այս միջոցները համապատասխանում են օրենքին, ազգային և եվրոպական օրենսդրությանը, և գործելու են հնարավորինս արագ` կանխելու վարակի տարածումը։
Նշվում է, որ հուլիսին բուլղարական իշխանությունները հայտնել էին մի շարք շրջաններում աֆրիկյան խոզի ժանտախտի 30 բռնկումներ, այդ թվում Ռումինիայի սահմանակից շրջաններում: Այնտեղ ֆերմաներում իրականացվել են կանխարգելիչ միջոցներ և ախտահանման աշխատանքներ: Իշխանությունները ֆերմերներին կոչ են անում չթաքցնել դեպքերն ու չտեղափոխել կենդանիներին ու միսը: