Քարագլուխ գյուղում բրուցելոզով հիվանդ է 3 մարդ
Վայոց Ձորի մարզի Քարագլուխ համայնքում բրուցելոզով հիվանդ է ոչ թե 38 քաղաքացի, այլ՝ երեք մարդ, որոնք նույն ընտանիքի անդամներ են: Այս մասին հայտարարություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ արձագանքելով օրեր առաջ ֆերմեր Տիգրան Եղոյանի հայտարարություններին։
Տեսչական մարմնից հայտնում են՝ մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ բնակավայրի միայն մեկ ընտանիքում: Քարագլուխ բնակավայրում կատարվել են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների ամբողջ գլխաքանակի բազմակի ստուգումներ՝ 5 անգամ ստուգվել են մանր եղջերավոր կենդանիները, 3 անգամ խոշոր եղջերավորները, թեև պետպատվերով նախատեսված են ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համապատասխանաբար տարեկան երկու և մեկ անգամյա ստուգումներ:
2019թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Վայոց Ձորի մարզում ստուգվել է 11140 գլուխ մանր և 9690 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Արդյունքում գրանցվել է բրուցելոզով հիվանդ՝ համապատասխանաբար 146 և 60 գլուխ կենդանի, որը կազմում է մարզի ընդհանուր անասնագլխաքանակի (14800 գլուխ) ընդամենը 1.3 տոկոսը (հիվանդ կենդանիները ենթարկվել են սպանդի):
Բրուցելոզի հարուցիչը 60 աստիճան և ավելի եփելու դեպքում ոչնչանում է, ջերմային մշակումից հետո միսը դառնում է անվտանգ:
«Ընդհանուր առմամբ հանրապետությունում 2019թ. առաջին կիսամյակին ստուգված խոշոր եղջերավոր 281764 գլուխ կենդանիներից միայն 1813-ի, այսինքն՝ 0,64%-ի, մոտ է հայտնաբերվել բրուցելոզ, իսկ մանր եղջերավոր կենդանիներից՝ ընդամենը 1.04%-ի մոտ (222546-ը 2318-ը): Սա նշանակում է, որ 50% վարակվածության մասին խոսելն ապատեղեկատվություն է, հանրապետությունում այդ թիվը չի գերազանցել 3%: Տարվա վերջին կներկայացվի առավել ամբողջական պատկեր»,-նշում են տեսչական մարմնից։
Ի դեպ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի մարզային մասնաճյուղի կողմից ֆերմերներին անվճար տրամադրվում են ախտահանիչներ՝ անասնագոմերի, ինչպես նաև սպանդի տարածքների ընթացիկ և վերջնական ախտահանություն կատարելու նպատակով:
ՍԱՏՄ վերահսկողության շրջանակներում բազմիցս հայտնաբերվել է ոչ պատշաճ մսեղիք՝ ձիու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած միս: Խնդիրը համակարգային լուծում է պահանջում, որի ուղղությամբ քայլեր արդեն արվում են: Կենդանիների տեղաշարժն ու հիվանդություններն ամբողջությամբ վերահսկելի կլինեն, երբ կհամարակալվեն բոլոր կենդանիները (ծրագիրն արդեն ներկայացված է և շուտով կմեկնարկի) և անցում կլինի 100 տոկոսանոց սպանդանոցային մորթի (2019թ. oգոստոսի 1-ից` հանրային սննդի ողջ ցանցում, իսկ 2020թ. հունվարի 15-ից՝ իրացման ողջ շուկայում պետք է իրացվի միայն սպանդանոցային ծագման թարմ միս): Իսկ այս պահին հանրապետության տարածքում իրականացվում է մսի շուկայի վերահսկողություն (Գյումրի, Արթիկ, Կապան, Մեղրի):
«Ֆերմերի կողմից նաև հրապարակվել է կոնկրետ ապատեղեկատվություն անասնաբուժական թուրքական դեղերի և Վիետնամից ներմուծվող անորակ խոզի մսի ներմուծման վերաբերյալ: Հայաստանում անասնաբուժական թուրքական դեղեր չեն վաճառվում, Վիետնամից խոզի միս չի ներմուծվում:
Ֆերմերն անջատել է հեռախոսը և չի պատասխանում մեր զանգերին, ուստի «ծանոթ մսավաճառի» և սատկած ձիու մսի վաճառքի մասին իր հայտարարությունը ճշտել չի հաջողվել: Այդ տեղեկատվության հավաստիությունը կփորձենք պարզել իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ»,-ասված է տեսչական մարմնի տարածած հայտարարության մեջ։