Շվարած ու անհանդուրժելի վիճակ
Նախօրեին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարան շենքում հավաքվել էին մտավորականներ, այդ թվում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, երգչուհի Հասմիկ Պապյանը։ Նրանց բոլորին մտահոգում էր մեկ հարց՝ ինչու է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանն այսօր այս վիճակում, ինչպես նշում է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրենը՝ արձակագրի որդի Դավիթ Մաթևոսյանը, անտեր։
Panorama.am-ը զրուցել է Դավիթ Մաթևոսյանի հետ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի այսօրվա վիճակի, կարգավիճակի մասին։
Panorama.am-Ո՞րն է խնդիրը, որի մասին օրեր առաջ բարձրաձայնել էր նաև հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։
Դ.Մաթևոսյան-Նոնսենսային վիճակ է։ Շենքն ուղղակի պետական միջոցներով կառուցված շենք է, ամբողջությամբ ֆինանսավորվել է նախահեղափոխական կառավարության որոշմամբ։ Անավարտ շենք է։ Երեք հարկից երկուսն է կառուցված, կարելի է համարել, տանիք ունի, երկրորդ հարկի վերևը փակ է։ Մեջը դատարակ է, ոչ մի ներքին հարդարում, ցուցադրության համար որևէ դիզայն արված չէ, կահավորված չէ։ Միջավայրի վերաբերյալ հայեցակարգ կա, շուրջը լինի փոքրիկ բուսաբանական այգի՝ Լոռվա բնության մոդելավորմամբ, տնկվեն շատ ծառեր։ Օրը կգա, մենք մեր ճարտարապետների, դիզայների հետ նախագծերով, էսքիզներով կներկայացնենք կոնցեպտն՝ անկախ պետության քայլեր անելուց, կամ չանելու։ Կրթական, մշակութային, թանգարանային գործառույթ պետք է ունենա այն։ Շենքը կառուցելուց հետո մեկ տարի առաջ շինարարական կազմակերպությունը հանձնման-ընդունման ակտով այն հանձնել է քաղշինկոմիտեին, այսինքն կառավարությանը։ Դրանից հետո քաղշինկոմիտեն շենքն ուղղակի փողոցում է թողել առանց գրանցելու, առանց պետական բալանսի վրա վերցելու, առանց այդ մասին կառավարությանը զեկուցելու, որպեսզի կառավարությունը վերցնի բալանսի վրա և հեռացել է։ Այսինքն, եթե «Հրանտ Մաթևոսայան» հիմնադրամն ինչ-ինչ միջոցներ չունենար և չկարողանար վճարել էլեկտրականության, կոմունալ ծախսերի համար, երկու պահակ պահեր, այդ շենքը շարքից դուրս եկած կլիներ։
Panorama.am-Պարոն Մաթևոսյան, ի՞նչ քայլեր եք նախաձեռնել, ինչպիսի արձագանքներ ստացել։
Դ. Մաթևոսյան- Ուղիղ մեկ տարի ահազանգում եմ կառավարությանը, բացի ամեն ինչից, որ շինարարությունը չի շարունակվում, որևէ պետական հասատատություն պաշտոնական քայլեր չի անում, որ այդ շենքն այդ վիճակում չմնա, բացի այն, որ կես տարի անց Հրանտ Մաթևոսյանի հոբելյանն է, նաև անտեր է։ Ուղիղ մեկ տարի է մեր նամակագրությունն ի վերջո վերադառնում է նույն կետին, թե կառավարությունում ինչ-ինչ օղակներ՝ ամենավերևից սկսած մինչև ներքևներ, իբրև թե չեն հասկանում, ինչ է տեղի ունենում, իբրև թե չեն հասկանում, թե խնդիրն որն է։ Կառավարությունից անընդհատ ասում են, որ ինչ-որ հավելյալ ինֆորմացիա տրամադրեք։ Հիմա մենք մասնագետներով՝ ճարտարապետներ, ցուցադրության մասնագետներ, թանգարանագետներ, տեղեկանք ենք կազմում, որպեսզի այսուհետ այս խոսակցություններն այդ տեղեկանքով պարզապես փակենք։ Ես անցյալ տարի 5 գրությամբ կառավարությանն ահազանգել եմ, այս տարի մայրս բաց նամակ էր ուղարկել վարչապետին՝ մի փոքր էմոցիոնալ, մի փոքր տեղեկատվական։ Դա էլ էր հրապարակվել։ Դրանից հետո կրկին տեղեկատվություն է ուղարկվել, թե ինչ է կատարվել, միևնույնն է՝ ասում են, թե հասկանալի չէ խնդիրը, խնդիրն այնքան էլ պարզ չէ։
Panorama.am-Արդյո՞ք սա իշխանության անտարբերության հետևանք է։
Դ.Մաթևոսյան-Անցյալ տարվա այս ժամանակի սկսած երկու պաշտոնական, կիսապաշտոնական այց ենք ունեցել. շենք են այցելել, խնդիրը լիովին հասկացել են Հանրապետության նախագահն ու վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Որևէ խնդիր չկար, որի վերաբերյալ իրենք հավելյալ բացատրություններ պահանջեին։ Մանրամասն քննարկել ենք, ալտերնատիվ ֆինանսավորման տարբերակներ ենք մտածել, Աննա Հակոբյանն ասել է, որ կուզենար իրենց հիմնադրամը մի փոքր ներդրում ունենար, նախագահն ասել է, որ իր ընկերներն էլ կօգնեն, ազդեցիկ ընկերներ ունի։
Մենք իրականում պետությունից որևէ կոպեկ փող չենք ուզել։ Նախկին կառավարություն է առաջարկել, որ շինարարությունը սկսվի։ Հետո երբ ձգձգվում էր, մենք ասացինք՝ ընդամենը հայտարարեք, որ շենքը լինելու է, մենք ֆինանսավորում կգտնենք։ Այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է ասել մայրիկիս, որ ինքն է սարքելու։ Իրենք սարքեցին առանց երրորդ հարկի, տեխնիկական խնդիրներ էին առաջացել, նախագահին սխալ էին զեկուցել։
Իրականում մենք չունենք ուշադրության պակաս։ Ինչպես նշեցի՝ երկու այցը եղել է։ Հետագայում սկսվեց կառավարության պաշտոնական մեծ լռությունը, անհասկանալի այս վիճակը, մի բառով կարելի ասել ՝ շվարած վիճակ է, չենք հասկանում՝ ինչ է կատարվում։ Միայն իրենք կարող են որևէ բացատրություն տալ, թե ինչու է այսօրվա այս վիճակը։ Մենք, իրոք, չենք հասկանում, մեզ համար անհանդուրժելի է։
Panorama.am –Պարոն Մաթևոսյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այս վիճակը։
Դ.Մաթևոսյան-Համարում եմ՝ կառավարության պաշտոնական անգործություն է, ինչը Հայաստանի համապատասխան օրենսգրքերով որակվում է, ունի ձևակերպումներ։ Եթե այսպես շարունակվի, արդեն երևի հետևություններ պետք է անենք։ Եթե մի փոքր հետաքրքրություն ցուցաբերած լիներ կառավարության կամայական անդամ, ներառյալ վարչապետն ու մեկ անգամ այցելած լինեին, հիմա այդ կեղծ հարցերն առաջացած չէին լինի՝ խնդիրը չենք հասկանում, խնդրի էությանը պարզ չէ։
Պարզ հարցեր են, պարզ պատասխաններ ունեցող։ Այդտեղ որևէ կարգի խնդիր չկա։ Մնացածը թող իրենք մտածեն։
Panorama.am-Շնորհակալություն։
Հարակից հրապարակումներ`
- Հասմիկ Պապյան. Չեմ հասկանում, թե տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում Մաթևոսյանի թանգարանի դեպքում
- «Հրանտ Մաթևոսյան» թանգարանի շինարարության ավարատը նախատեսվում է 2017-ի աշնանը
- Գուցե Հրանտ Մաթևոսյանը դեմ լիներ կանաչ զանգվածը հանուն իր անվան զոհելուն.«Առավոտ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան