Կաթնամթերք արտադրողների հետ քննարկվել է ճյուղի զարգացմանն առնչվող հարցեր
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հերթական հանդիպումն է անցկացրել ճյուղային քննարկումների շրջանակում, այս անգամ՝ կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից երկարաժամկետ պայմանագրերի կնքման ազդեցությունը և նպատակահարմարությունը մասնավոր ընկերությունների հետ։ Անդրադարձ է եղել արտահանման խոչընդոտների վերացմանն ուղղված հնարավոր քայլերին, ինչպես նաև ներքին շուկան արտադրողի համար առավել կանխատեսելի և կայուն դարձնելու հեռանկարին։
Արտադրողները ներկայացրել են ոլորտի խնդիրները՝ հատկապես խոսելով հարկային բարեփոխումների, ենթակառուցվածքների բարելավման և որակյալ կաթ մթերելու անհրաժեշտությունից։
Ըստ արտադրողների՝ բարձր ԱԱՀ-ն ոչ միայն ազդում է կազմակերպությունների մրցունակության վրա, այլ նաև առողջապահական ռիսկեր է առաջացնում։ Խնդրի առնչությամբ հնարավոր լուծումների շուրջ քննարկում է ծավալվել։ Քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել անհատների կողմից նմուշառումը կանոնակարգված դարձնելու հարցին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ճյուղի մասնավոր հատվածի հետ ևս ամփոփել առաջարկները և ուղենշել հետագա քայլերը։