Իսրայելն ընդլայնում է Իրանի դեմ ռազմագործողությունների աշխարհագրական արեալը
Միջազգային մամուլում դեռևս շարունակվում է ակտիվորեն քննարկվել ս․թ․հուլիսի 19-ին Իրաքի Սալահ ալ-Դին նահանգում տեղակայված Իրանի հովանավորյալ «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»(ժողովրդական ինքնակազակերպման ուժեր) խմբավորման ռազմաբազայի դեմ իրականացված «առեղծվածային» օդային հարվածի թեման։ Թիրախավորվել են Իրանի կողմից տրամադրված բալիստիկ հրթիռների պահեստները։
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադից դեպի հյուսիս գտնվող շրջանում դեռևս բավական ակտիվ դերակատարություն ունեն Իրանի հովանավորյալ ինչպես վերոնշյալ, այնպես էլ իրաքյան «Քաթայիբ Հիզբալլահ» խմբավորումները՝ չնայած, որ կառավարությունը, մեծ հավանականությամբ, ԱՄՆ-ի պահանջով վերջնաժամկետ է սահմանել նշված կառույցների համար՝ կա՛մ վայր դնել զենքը, կա՛մ միավորվել երկրի ԶՈւ-ի հետ։
«Ի սկզբանե ենթադրվում էր, որ օդային հարվածի հետևում կարող էին կանգնած լինել ամերիկյան ԶՈւ-ն․ այս վարկածն անմիջապես հերքվեց Վաշինգտոնի կողմից։ Այնուհետև գործողության իրականացման վեկտորն ուղղվեց Իսրայելի կողմը՝ ենթադրաբար F-35 ինքնաթիռների կիրառմամբ․Թել Ավիվը, իր գործելաոճի համաձայն, ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկատվությունը։
Վերոնշյալի համատեքստում, կարելի է փաստել, որ Իսրայելը, ըստ էության, անմիջական հարևան արաբական երկրների տարածքներից դուրս ընդլայնում է սեփական ռազմագործողությունների արեալը, որի նպատակային հիմնավորումն է՝ Իրանի հրթիռային սպառնալիքը չեզոքացնելուն միտված մարտավարությունը։
Ի դեպ, հարկ է նշել, որ Հրեական պետությանը վերագրվող այս գործողությունն իրականություն դարձավ հունիսի վերջին Իսրայելի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ԱԽ քարտուղարների՝ Երուսաղեմում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, որի շրջանակում քննարկված առանցքային հարցերից մեկն էլ տարածաշրջանում ստեղծված բարդագույն իրավիճակում Իսրայել պետության անվտանգության ապահովման գերխնդիրն էր»,-գրել է նա։