Ստեփանավանի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն. Իրենց նպատակը տնօրենի պաշտոնում ուրիշին նշանակելն է
Ստեփանավանի Ս. Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 դպրոցի տնօրենի ընտրության համար հայտարարված մրցույթում առաջադրված երկու թեկնածուներից որևէ մեկը տնօրեն չդարձավ։
Դպրոցի սաների ծնողներն ահազանգում են՝ դպրոցը քսան տարի ղեկավարած Լիլյա Հարությունյանին տնօրենի պաշտոնում մարզի իշխանությունները տեսնել չեն ցանկանում, մրցույթն էլ դիտավորյալ ձգձգվել է, ապա չի կայացել։
Խմբագրություն զանգահարած ծնողները նշում են՝ եթե այլ տնօրեն բերեն, ապա իրենց երեխաներին կտեղափոխեն ուրիշ դպրոց։ Հույս ունեն՝ իրենց բողոքի ձայնը լսելի կլինի։ Ծնողներին լուրեր են հասել, որ ուժային կառույցներից մեկի պաշտոնյայի կնոջն են ուզում տնօրեն դարձնել։ Հավատալ չեն ուզում։
«Երեխաները դասերին չէին գալիս, արդարություն էինք ճվում, Նիկոլ էինք ճվում։ Խնդրեմ։ Ահա քեզ արդարություն»,-նշեց ծնողներից մեկը։
Դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, հանդիպել է Լոռու մարզպետի հետ, ներկայացրել է խնդիրը, ասել է, 20 տարի աշխատել է, վաստակ ունի, Ղուկասյանն էլ պատասխանել է. «Հերիք է էլի, ինչքա՞ն կարելի է աշխատել»։ Հարությունյանն էլ հակադարձում է՝ ինքը դեռ գործունակ է, էներգիայով լի, առաջատար, մտքերով ու ձեռքբերումներով դպրոց է դարձրել։
Տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է այս տարվա մայիսի վերջին։ Ըստ կարգի, հայտարարվել է մրցույթ թափուր պաշտոնի համար։ Գրեթե միաժամանակ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ դպրոցին պատկանող Սպրինտեր միկրոավտոբուսի՝ անցած տարվա դեկտեմբերին աշխատանքից ազատած վարորդի բողոքի հիման վրա։ Տնօրենի խոսքով, աշխատանքից ազատված վարորդը պահանջել է, որ դպրոցում պահակ աշխատող որդուն ինքն ընդունի որպես վարորդ։ Տնօրենը նրա պահանջը չի կատարել, վարորդն էլ, ըստ Լ. Հարությունյանի, սկսել է իրեն սպառնալ։
«Ասաց, կասեմ իմ տղան ձևակերպված աշխատող է եղել, աշխատանքի չի եկել, էդ փողերը ես տվել եմ քեզ։ Ես շատ զարմացա, ասեցի՝ հո ասելո՞վ չի, ապացուցել է պետք։ Ինձ պատասխանեց՝ իմը ասելն է, քոնն էլ տակից դուրս գալը, տես ինչ է կատարվելու, հետևիս մարդ կա ուժային կառույցներից, էդ գործին ընթացք կտա»,-աշխատանքից ազատված վարորդի հետ անցած տարվա նոյեմբերի վերջին ունեցած խոսակցությունը ներկայացնում է Հարությունյանը։
Մայիսին հարուցվել է քրեական գործ հենց վարորդի՝ Ռ. Մ.-ի բողոքի հիման վրա, տնօրենին մեղադրանք է առաջադրվել գումարներ յուրացնելու համար։ Նախկին վարորդի պահակ որդու փոխարեն, ըստ մեղադրանքի, մեկ ուրիշն է ստորագրել ու աշխատավարձ ստացել։
«Պարզվում է՝ տարիներ շարունակ տղու փոխարեն հայրն է ստորագրել ու աշխատավարձ ստացել։ Հիմքը դա են վերցրել։ Ես դա իմացել եմ իր շանտաժի ժամանակ։ Հիմա ինձ մեղադրանք է առաջադրվել, որ էդ տղայի աշխատավարձը յուրացրել եմ, հաշվել են 5 մլն դրամի կարգի գումար է։ Ուզում են ամեն կերպ ապացույց գտնեն, որ ես էդ գումարները կերել եմ»,-ներկայացնում է տնօրենը։
Մրցույթին բացի Հարությունյանից մասնակցելու հայտ էր ներկայացրել Սպիտակից մի աղջիկ, ով ավելի ուշ դպրոցի կառավարման խորհրդի նախագահին տեղեկացրել է, որ հանում է թեկնածությունը։
«Դպրոցի կառավարման խորհուրդը կազմված է ութ հոգուց։ Մրցույթը կայանալու համար պարտադիր պահանջ է, որ վեցը ներկա լինեն»,-նշում է նախկին տնօրենն ու հավելում, երբ մրցույթի նախորդ օրը խորհրդի նախագահը զանգահարել է անդամներին ու հիշեցրել, որ վաղը ընտրելու են, նախարարի ներկայացուցիչն ու մարզպետի ներկայացուցիչները տեղեկացրել են՝ գալ չեն կարող, շտապ գործեր ունեն։ Նրանցից մեկն ասել էր՝ Արցախ է գնում, բայց հետո իմացել են, որ տանն է եղել, ոչ մի տեղ էլ չի գնացել։
Լիլյա Հարությունյանը կարծում է՝ մրցույթին չներկայացողները հրահանգ են ստացել մարզի իշխանություններից։
«Իրենց նպատակը տնօրենի պաշտոնում ուրիշին նշանակելն է։ Ես գիտեմ, որ այն ուժային կառույցի ներկայացուցիչը, որ կանգնած է վարորդի թիկունքին, նրա կինն է ուզում դառնալ տնօրեն։ Վարորդն ինձ ասաց՝ դու չես լինի, կանդալներով քեզ դպրոցից կհանեն, կգա էս ինչ մարդու տիկինը, ես էլ դպրոցում կաշխատեմ, տղես էլ կաշխատի։ Բայց այդ կինը չդրեց իր թեկնածությունը»,-խնդրի մասին մանրամասներ հրապարակեց նա։
Հաջորդ մրցույթը նշանակվել էր հուլիսի 25-ին։ Բայց այդ օրն էլ տնօրեն չեն ընտրել. «Ես արդեն գիտեի, որ չեն գալու մարզպետի ներկայացուցիչները։ Ես դրա նախորդ օրը փորձեցի խոսել, ներկայացնել իրավիճակը մարզպետին։ Մարզպետն ինձ ասեց՝ իմ դիրքորոշումը հետևյալն է՝ որ տնօրենի վրա քրեական գործ, նա չպիտի աշխատի։ Կապ չունի, որ իմ մեղքն ապացուցված չէ, քննություն է ընթանում։ Քանի որ գիտեի, որ նրանք չէին գալու, ես էլ հայտնեցի, չեմ ներկայանալու»,-ասաց Լիլյա Հարությունյանը։
Հիմա խորհուրդը պետք է գրություն ուղարկի մարզպետին նոր մրցույթ անցկացնելու առաջարկով։
Լ. Հարությունյանը չգիտի՝ թե ինչ է անելու իր իրավունքները պաշտպանելու համար, ասում է՝ իր ղեկավարած դպրոցը բարձր վարկանիշ ունի։
«Ես էդ դպրոցում եմ սովորել, այդ դպրոցի շրջանավարտն եմ եղել, այդտեղ ուսուցիչ եմ աշխատել, տնօրեն եմ աշխատել։ Իհարկե, կփորձեմ մինչև վերջ պայքարել իմ հնարավորությունների սահմանում, ապացուցեմ իմ անմեղությունը, բայց միտում եմ տեսնում քննությունը ձգձգելու և ինձ անպայման ապացուցելու, որ մեղավոր եմ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին