Մարությանը՝ «Սանիթեք»-ին. Երևան քաղաքը չի կարող ձեզ անվերջ սպասել
Նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր աղբամանների տեղադրումը համայնքը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետի հարցմանն ի պատասխան նշել է, որ ընկերությունը չի պատրաստվում ո՛չ նոր աղբատար մեքենաներ, ո՛չ նոր աղբամաններ ձեռք բերել:
«Երևան քաղաքը չի կարող ձեզ անվերջ սպասել, և քաղաքային իշխանությունները ձեռնարկել են իրենց գործողությունները: «Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագրով 16000 աղբաման պետք է լինի քաղաքում, այս պահին շուրջ 4000 են, բայց այդ եղածներն էլ պիտանի չեն օգտագործման: Մեր քաղաքացիների բնականոն կյանքն ապահովելու համար մենք սկսում ենք փոխարինել դրանք համայնքի ձեռքբերած աղբամաններով: Ամբողջ քաղաքում, ի վերջո, պետք է լինեն նոր աղբամաններ, որոնք ընթացքում պետք է լվացվեն և սպասարկվեն: Քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը:
Քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում: Նախընտրական փուլում ասում էի, որ մաքրելու ենք քաղաքը աղբից. ես վերահաստատում եմ այդ կետը: Իսկ դա կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ, դա միայն ձեր ձեռքերում է: Ձեր ընկերությունը պետք է սթափվի և հասկանա, որ եթե տապալելու է այս գործընթացը, ապա ստանալու է համարժեք գնահատականը: Ինչքան էլ մեր համաքաղաքացիները համբերատար են և ես իրենց շնորհակալ եմ դրա համար, բայց միևնույն է, մենք իրավունք չունենք՝ քաղաքային իշխանությունների մասին է խոսքը, ոչ թե ձեր, որովհետև ձերը մասնավոր ընկերություն է, որը միայն շահույթ է հետապնդում ու ընդհանրապես չունի պատասխանատվության զգացում, և կան քաղաքային իշխանություններ, որոնք չեն թույլ տալու ինչ-որ մասնավոր ընկերության այսքան անհարմարություն պատճառել մեր համաքաղաքացիներին: Մենք մեր կողմից առավելապես աջակցել ենք ձեր ընկերությանը, ամեն ինչ արել ենք, որ ընկերությունը ոտքի կանգնի, բայց եթե դուք չեք ուզում դա, մենք այդտեղ ձեզ չենք կարող օգնել»,- նշել է քաղաքապետը:
Ի դեպ, «Սանիթեք» ընկերության սեփականատերերւ պատրաստվում են հուլիսի 31-ին հանդես գալ ասուլիսով։ Սակայն նրանք հրաժարվել են հասնել Երևան։ Լրագրողներին նրանք կհանդիպեն հարևան երկրի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում։ Այս պահին ընկերությունից չեն հիմնավորում այդ որոշումը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան