Վիկտոր Սողոմոնյան. Պոպուլիզմի միակ դեղամիջոցը սովորաբար լինում է հենց «կոնսենսուս մինուս մեկը»
Ազատության մեջ գտնվելու ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ ձեռնպահ մնալով մանրամասներ հրապարակելուց։
Սողոմոնյանը համարում է, որ Հայաստանում շատ բարդ վիճակ է։
«Մենք ունենք վիճակ, որտեղ իշխանությունը պատկանում է մեկ մարդու, և այդ մարդը հավասարակշռված որոշումներ կայացնելուց շատ հեռու է։ Այդ մարդն առաջնորդվում է իր ներքին հասկացություններով, որոնք հաճախ շատ պրիմիտիվ են, իր մոտիվացիաներով, որ հիմնավորված չեն, իր պատկերացումներով, որոնց հիմքում ոչ իրական կամ խեղված փաստեր են դրված։ Մի մարդ է, ով կոնսոլիդացիոն որևէ ֆորմատում չի տեղավորվում, այսինքն բոլորը թշնամի են, բոլորին պետք է պառկացնել ասֆալտին, ծեփել պատերին։ Այս լեքսիկոնը մեզանում մնացել է, ես ցավում եմ, բայց այն արտացոլում է այսօրվա իրականությունը»,-ասաց բանախոսը։
Անդրադառնալով «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևին, որի մասին խոսել էր ՀՀ երկրորդ նախագահը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում, Սողոմոնյանը նշեց, այն ձևավորվել է բնական ճանապարհով։
«Հայաստանում դասական պոպուլիզմի դրսևորում է։ Հիմա դրա միակ դեղամիջոցը սովորաբար լինում է հենց «կոնսենսուս մինուս մեկը», երբ բոլոր առողջ քաղաքական ուժերը միավորվում են՝ ընդդիմանալով մի հգոու, որը իր նեղ անձնական պատկերացումներով փորձում է այս բարդագույն իրավիճակում միանձնյա կառավարել երկիրը։ Պատկերացնո՞ւմ է արդյոք ամբողջ ծավալով այն մարտահրավերները, որոնք կան այսօր Հայաստանի և Արցախի առաջ։ Չգիտեմ, իր գործողություններից դա չի երևում։ Իր խոստումները և այսօր տեղի ունեցողը բացարձակ իրար չեն համապատասխանում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյան. Չեմ կասկածում, որ ՄԻԵԴ վճիռները լինելու են Ռոբերտ Քոչարյանի օգտին
- Վիկտոր Սողոմոնյան. Այս քրեական գործն ունի ճիշտ այնքան կյանք, որքան քաղաքական կյանք ունեն այս իշխանությունները
- Վիկտոր Սողոմոնյան. Մեկ տարի անց կրկնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է հաշվեհարդար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան