Վիկտոր Սողոմոնյան. Մեկ տարի անց կրկնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է հաշվեհարդար
«Մեկ տարի առաջ մենք ասել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցողն անձնական ու քաղաքական հաշվեհարդար է՝ վենդետա ու չի տեղավորվում իրավական շրջանակում, չունի իրավական հիմնավորում։ Այսօր ևս կրկնում եմ»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ հայտարարել է՝ քրեական գործը, որը սարքվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ, ապօրինի է, կալանքը ևս ապօրինի է ու տեղի ունեցողը որևէ կապ չունի մարտի մեկի սպանությունների բացահայտման հետ։
«Այսօր ևս կրկնում եմ նույն նախադասությունը»,-ընդգծեց նա։
Նաև ասել էի, որ գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները տրամագծորեն տարբերվում են. «Այսօր էլ կրկնում եմ։ Այդ ժամանակ մենք չէինք կարող պատկերացնել, որ հայտնվելու է #Sut Nikol-ը։ Փաստորեն ճիշտ էլ ասում էինք։ Չգիտեինք, որ գաղտնալսում է հրապարակվելու և իմանալու ենք, որ սա քաղաքական հետապնդում է։ Բայց դա ևս հաստատվեց»։
Սողոմոնյանի խոսքով, այս ամենով հանդերձ իրենք մեկ տարի առաջ չէին էլ կարող ենթադրել, որ ապօրինություններն այս մակարդակի էին հասնելու։
«Եթե ինչ-որ գյուղապետ առնչվեր Ռոբերտ Քոչարյանի գործին, հիմա փոխել էին։ Հիմա երևի մտածում են ՄԻԵԴ դատավորներին փոխել, թե ինչքանով կհաջողվի չեմ կարող ասել, բայց որ այդ ուղղությամբ մտածում են, հաստատ»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։
Նա նշեց, դեռ այն ժամանակ վստահ էին, որ Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելը լուրջ հարվածներ է հասցնելու պետության հեղինակությանը։
«Ցավոք սրտի, մենք այսօր դա արձանագրում ենք ու ոչ մեկ անգամ։ Այն ժամանակ ասում էինք, որ այս ամենն արդարադատության նկատմամբ անարգանք է, այսօր էլ ենք ասում։ Իմիջիայլոց ասում էինք, դուք կարծում եք, որ այսօր մարտի 1-ի գո՞րծն են բացահայտում, բացարձակ նման բան չկա։ Հիմա ես ուզում եմ այդ հռետորական հարցերն այսօր էլ ուղղել՝ ո՞ւր են մարտի 1-ի մեղավորները, էն մարդասպանները, բացահայտվե՞լ է գոնե մեկ դեպք։ Այն ոստիկանին, որ վերջերս կալանավորել էին, մամուլում կարդացի, այնքան էլ վստահ չեն, որ մեղադրանքը ճիշտ է առաջադրված։ Սա՞ է մեկ տարվա արդյունքը։ Ասել ենք, որ սա ճանապարհ է, որը տանում է ոչ մի տեղ, այսօր էլ եմ ասում։ Ասում էինք, որ հասարակությունը հասկանալու է, թե ինչ է տեղի ունենում։ Բարեբախտաբար, չենք սխալվել»,-ասաց Սողոմոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան