Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել Իջևանի դեպքերով կալանավորվածներին
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ, առանձնազրույցներ ունեցել Իջևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված 10-ը անձանց հետ:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեական վարույթին և առաջադրված մեղադրանքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, նրանք պնդել են, որ քրեական գործում չկան իրենց մեղսագրվող հանցանքի մասին վկայող ապացույցներ, և առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ նրանք նշել են, որ իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները հիմնված են մեկ անձի՝ ոստիկանության ծառայողի, և այն էլ անորոշ ցուցմունքի վրա:
«Ինչպես արդեն նշել ենք նախորդ հայտարարությամբ, այս գործով բերման ենթարկելիս և ձերբակալելիս Ոստիկանության ծառայողների կողմից վատ վերաբերմունք դրսևորելու հարցի առնչությամբ արդեն իսկ վարույթ է նախաձեռնված: Այս հարցերն արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ հայտարարությամբ:
Քրեակատարողական հիմնարկներ այցի ընթացքում բարձրացվել են նաև առողջական վիճակի հետ կապված խնդիրներ, որոնք ըստ բնույթի և անհրաժեշտության քննարկվել են քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, քրեական վարույթին ներգրավված փաստաբանի կամ ազատությունից զրկված անձի ընտանիքի անդամների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև կալանավորված անձանց փաստաբանների հետ:
«Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների պայմաններից և ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ չեն ներկայացվել:
Արձանագրված խնդիրներն ամփոփվել են և լրացուցիչ գրություններ են հասցեագրվել Դատախազություն, Ոստիկանություն և Արդարադատության նախարարություն:
Սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման վարույթի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռնարկել օրենքով պահանջվող բոլոր անհրաժեշտ միջոցները»,-հայտնում են ՄԻՊ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Իջևանում ապօրինի ծառահատումների հետ կապված անուններ այս պահին չեմ կարող տալ. Օսիպյան
- Սաթիկ Սեյրանյան. Իջևանի դեպքերը ցույց տվեցին, թե իշխանությունը որքան է վախեցած
- Իջևանցի. Տռուսիկով, ոտաբոբիկ, առանց հագուստի տարան