Ալեքսանդր Թամանյանի թոռը հույս ունի, որ ճարտարապետի ժառանգությունը կրկին ներկայացված կլինի իր սեփական թանգարանում
Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, հանդիպելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ, հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «2016թ.-ից պարբերաբար այցելում եմ Հայաստան, այն հույսով, որ կվերականգնվի արդարությունը և մեր մայրաքաղաքը ու ժողովուրդը հնարավորություն կունենան կրկին վայելելու Ալեքսանդր Թամանյանի ժառանգությունը ներկայացված իր սեփական թանգարանում:
Վերհիշելով անցյալը` անասելի դառնությամբ է լցվում ամեն հայի սիրտը, քանի որ անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի էր անպատվել մեծանուն Հայ Ճարտարապետի հիշատակը` փակելով նրա անձնական թանգարանը: Աշխարհի ոչ մի քաղաքում նման բան հնարավոր չէ պատկերացնել: Այսօր էլ կրկին Երևանում եմ և լիահույս եմ, որ ամենամոտ ապագայում Ալեքսանդր Թամանյանի թանգարանը կվերաբացվի: Երկրորդ անգամ հանդիպելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ և ծանոթանալով իր կողմից այս անարդարությունը ուղղելու անդադար ջանքերին` հրապարակավ շնորհակալություն եմ հայտնում նրան իմ և մեր ողջ ընտանիքի անունից այս ազգանպաստ գործում պատրաստակամություն ցուցաբերելու համար:
Իհարկե, դեռ խնդրի լուծման վերջնական ուղին գտնված չէ, բայց արդեն իսկ քննարկում ենք թանգարանի վերաբացման հնարավոր տարածքները: Իսկապես այսօր տեսնում եմ, որ ՀՀ կառավարության մոտեցումներն այլ են, անարդարությունները շտկվում են, ուստի վստահությամբ եմ ներշնչված, որ շուտով խնդիրը վերջնականապես կլուծվի և Ալեքսանդր Թամանյանի թանգարանի վերաբացումը իրականություն կդառնա: Բաց սրտով ցանկանում եմ լիազորել պարոն Վահագն Վերմիշյանին հայ ժողովրդին վերադարձնել Ալեքսանդր Թամանյանի անձնական թանգարանը, ուր արժանապատիվ կերպով ներկայացված կլինի նրա հարուստ ժառանգությունը»:
Գրառումն ու լուսանկարները ներկայացված են Քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ 2016 թ. մարտ 31-ի կառավարության որոշմամբ, «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպման ձևով միացնել է «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին: Միավորման փաստի հետ համաձայն չի եղել Ալեքսանդր Թամանյանի ծոռը՝ թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը։ Իսկ քանի որ ճարտարապետի արխիվը պետական սեփականություն չէր, այլ իր ընտանիքի սեփականությունն էր, «Փաստը» գրել էր, որ նա հավաքել էր ողջ ցուցանմուշներն ու տարել։
Հարակից հրապարակումներ`
- Թամանյանի տուն-թանգարանը դատարկ է, ծոռը հավաքել է բոլոր ցուցանմուշներն ու տարել տուն. «Փաստ»
- Կառավարությունը որոշեց. Թամանյանի թանգարան-ինստիտուտը կմիացվի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան