Ղամբարյան, Սահակյան. Ցանկացած «բացահայտ» կամ «քողարկված» միջամտություն դատավորի գործունեությանն անթույլատրելի է
Քննչական կոմտիե նախագահի նախկին տեղակալ, Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանն ու փաստաբան Թամարա Սահակյանը հայտարարություն են տարածել, որտեղ ասված է.
«Դատական իշխանության անկախությունն ինքնանպատակ կամ ցանկություն չէ և ամենևին դատավորին տրված արտոնություն չէ, քանզի այս սկզբունքի իրացվածությամբ է պայմանավորված տվյալ պետության՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության կայացվածության աստիճանը, ուստի այդ սկզբունքի միայն իրավական ամրագրումը և անկախ դատական համակարգ ունենալու «խոստումները», արդեն իսկ ակնհայտ է, որ բավարար չեն դրա կենսագործումը ապահովելու համար:
Հետևաբար, ցանկացած «բացահայտ» կամ «քողարկված» միջամտություն դատավորի գործունեությանն անթույլատրելի է և չի կարող անտարբեր թողնել իրավունքի գերակայության ապահովմամբ մտահոգված մասնագիտական հանրույթին:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական մեղադրանքի հարուցման և նրա նկատմամբ օրենքի խախտմամբ իրականացվող քրեադատավարական գործողությունների մասով մամուլում, ինչպես նաև նրա փաստաբանի կողմից տարածված ցանկացած տեղեկատվություն անկողմանակալ դիտորդի մոտ հարուցել է ողջամիտ կասկած տվյալ գործի անաչառության վերաբերյալ՝ մասնավորապես, պատճառական կապ տեսնելով մեկ այլ հանրային հնչեղություն ունեցող գործով դատավորի կայացրած որոշումների համատեքստում:
Նման ենթադրություններ անելու առիթ է հանդիսացել նաև այն, որ մամուլում տարածվել է տեղեկատվություն, որ դատավորի նկատմամբ նույն փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել էր դեռևս 2019թ․ փետրվարին և այդ որոշումը հաստատվել էր դատախազի կողմից, ապա մայիսի 22-ին, կրկին քրեական գործը հարուցվել է։
Հետևաբար՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է անհապաղ հիմնավորված փաստարկներով համապատասխան պարզաբանումներ ներկայացնի վերը նշված տեղեկությունների համատեքստում, քանզի դատական իշխանության անկախության ապահովման շահը վեր է ցանկացած գործի նախաքննության շահից:
Դատավորի նկատմամբ վերը նշված պայմաններում քրեական հետապնդման իրականացումը խիստ խոցելի է դարձնում մեր ապագա սերունդների համար անկախ դատական իշխանություն ունենալու իրավունքը և ստեղծում խորհրդային արդարադատության համակարգը վերականգնելու վտանգ:
«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ՝ Ա.Ղամբարյան և Թ.Շաքարյան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին