Ես բացառում եմ, որ մենք ստերիլ երկիր ենք ու մարզերում չունենք հիվանդություններ. ՍԱՊԾ նախկին պետ
«Այս որոլտում, ցանկացած տեխնիկական որոշում, որն ընդունվում է քաղաքական պատճառներով դրդված, կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ բնակչության և տնտեսության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով անասնաճարակային և համաճարակային անվտանգության ոլորտում կատարվող գործողություններին ու հնարավոր ռիսկերին։
«ՍԱՏՄ պետն ասում է, մենք մեղավոր չենք, մեղավոր է սպառողը, որն առնում է վատ միս, դրա համար էլ իրավիճակը վատ է։ Ինձ համար իրոք ցավալի է, որ ոլորտում նշանակվել է մի մարդ, որն ունենալով կենդանաբուժի դիպլոմ, հարցազրույցմերից մեկում կարող է արտահայտություն անել, որ բրուցելոզն այն հիվանդությունը չէ, որ համաճարակներ հարուցի»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով, եթե բրուցելոզի համաճարակ կա մարդկանց շրջանում, ապա նշանակում է դրան նախորդել է բրուցելոզի անասնաճարակ. «Դրանք փոխակակցված են և ասել, որ բրուցելոզը համաճարակ չի առաջացնում՝ առնվազն մասնագիտական ունակությունների և գիտելիքների պակաս է։ Իսկ եթե նայենք քաղաքական տեսակետից, դա ընդամենը փորձ է հանրության զգոնությունը թուլացնել։ Բոլոր մարզերում սպորատիկ հիվանդությունների բռնկումները կան, բայց դրանք կոծկվում են։ Տավուշի և Լոռվա մարզում մենք աֆրիկյան ժանտախտի օջախներ ունենք, որոնք արդեն ստացիոնար օջախներ են, դրանց վտանգն այն է, որ իրենք ժամանակ առ ժամանակ բացվում են։ Կոնկրետ որ մարզում ինչ հիվանդություն կա, դրա մասին այսօր հայտարարություն չի արվում։ Ես բացառում եմ, որ մենք ստերիլ երկիր ենք ու մարզերում չունենք հիվանդություններ։ Իսկ տվյալներ հայտնում են միայն այն դեպքում, երբ որ դեպք է գրանցվում մարդկանց կամ կենդանիների շրջանում»։
Նա հավելեց, որ աֆրիկյան ժանտախտի տեսանկյունից ռիսկային են Տավուշի, Լոռվա և Կոտայքի մարզերը, այսինքն՝ այնտեղ, որտեղ անտառներ կան։