Շրջակա միջավայրի նախարարությունն ընդամենը թուղթ ստորագրող
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ահազանգել են, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլներն աղտոտված փետուրներով են, չեն կարողանում թռչել, սնունդ հայթայթել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ձագերի համար։ Բնապահպանները, մասնագետներն այն, ինչ տեղի է ունեցել, բնութագրում են որպես բնապահպանական աղետ։ Տարբեր հասարակական կազմակերպություններ և անհատները զբաղված են արագիլների խնամքով՝ որքան ներում է իրենց հնարավորությունը։ Սակայն բնության պահպանությամբ զբաղվող պետական մարմնի՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ձեռնարկված որևէ քայլի դեռ ականատես չենք եղել։ Panorama.am-ը դիմեց Շրջակա միջավայրի նախարարություն։ Հարցերին պատասխանեց Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը։
Panorama.am- Ի՞նչ է անում նախարարությունը Հովտաշենում աղտոտված արագիլների խնդրի լուծման, խնամքի հետ կապված։
Կ. Աղաբաբյան- Նախարարությունը հո շտապօգնություն չէ։ Նախարարությունն աջակցում է հետազոտությունների կատարմանը, օրենսդրական դաշտը մշակողն ու կառավարողն է, հիմնական ֆունկցիան է՝ Հայաստանում ստեղծել այնպիսի մթնոլորոտ, որտեղ կկարողանան նորմալ, առանց խոչընդոտների աշխատել թե հետազոտական ինստուտները, թե հասարակական կազմակերպությունները, ակտիվ գործել ժողովուրդը, աջակցում է նրան, որ Հայաստանը կարողանա մեծ դրամաշնորհներ ստանալ, որպեսզի խոշոր խնդիրներ լուծվեն։
Panorama.am-Վերահսկողական ֆունկցիա չունի՞։
Կ. Աղաբաբյան- Այդ գործառույթը կատարում է Բնապահպանության և ընդերքի
տեսչությունը, որը պատկանում է կառավարությանը։ Արագիլների խնդրի հետ կապված, նախարարությունը բանակցություններ է վարում լաբորատորայի հետ, որպեսզի փետուրների նմուշները տան ավելի մանրակրկիտ անալիզի, պարզելու, թե մասնավորապես ինչ նյութով են աղտոտված թռչունները, ինչը թույլ կտա հասկանալ, թե որ արտադրության մեջ է օգտագործվել տվյալ պարենային նյութը, նեղացնել այն արտադրական միավորումնների շրջանակը, որոնք կարող էին նման արտանետումներ անել։ Ես նաև թռչունների և ցերեկային թիթեռների ուսումնասիրությամբ ու պահպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություն ունեմ, մեր կամավորներով արագիլների մաքրման ակցիա ենք կազմակերպել, համատեղ աշխատում ենք Հովտաշենի գյուղապետարանի, տեղի բնակիչների հետ, ովքեր լավ առաջակն են արել՝ իրենք ինչ որ ժամանակ կազմակերպել արագիլների կերակրումը ձկներով և այլն, մինչև կարողանան նորմալ թռչել, անցնեն երկար տարածքներ ու սնունդ ձեռք բերեն իրենց համար։
Panorama.am -Այս դեպքում էլ նախաձեռնողը ՀԿ-ն է, բնակիչներն են, որոնք պետք է իրենց միջոցներով ձեռք բերեն այդ կերը, նախարարությունը անելիք չունի՞։
Կ. Աղաբաբյան- Եթե նախարարության թույլտվությունը չունենան, որևէ մեկը որևէ բան չի կարող անել։ Հարցն այն է, որ կարողանանք հայտնաբերել աղտոտման աղբյուրը, տեսչության հետ համատեղ հայտնաբերել կոնկրետ արտանետողին, նրա նկատմամբ կիրառել համապատասխան միջոցներ, այնպես անել, որ հաջորդ տարիներին այս խնդիրը չկրկնվի։ Դա է նախարարության ֆունկցիան, պետք է խնդիրը համակարգային լուծի։
Ինչ է ստացվում... Շրջակա միջավայրի նախարարությունն ընդամենը թուղթ սևացնելու, թուղթ ստորագրելու համար է, իսկ երբ բանը գործին է հասնում, երբ բոլորը բարձրաձայնում են բնապահպանական աղետի մասին՝ չի հասկանում, ինչ է բնապահպանությունը։ Ու հետաքրքիր է, որ իրավախորհրդատուն թռչուններով զբաղվող ՀԿ ունի, բայց նախարարին ասենք խորհուրդ չի տվել դիմել կառավարություն և միջոցներ խնդրել հրատապ խնդրի հետ կապված։ Իսկ այ, որ ՀԿ-ի ղեկավարը պետական պաշտոն չունենար, գուցե այդ դեպքում դիմեր կառավարություն։ Իսկ այսպես՝ շահերի բախում է։ Ընդհանրապես՝ ցանկացած ու իրար հաջորդող խնդիրները ցույց են տալիս, որ երկրում քչերն են իրենց տեղում։
Հարակից հրապարակումներ`
- Արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ
- Արագիլների աղտոտման աղբյուրը, ըստ երևույթին, թառափի ձկնաբուծարաններն են
- Քննարկում՝ «Լավ, բա մասնագետ չկա՞»
- Հարյուրարավոր արագիլներ անկման են դատապարտված. ահազանգ
- Արագիլների անկում Արարատի մարզի Հովտաշատ գյուղում
- Արագիլով այլևս լուր չեք ուղարկի
- Գյուղը կանգնեց, արագիլին փրկեց
- Արագիլները չվող տեսակ են, բայց դարձել են մշտակյաց. բնապահպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան