«Սասնա Ծռեր»-ը Գլխավոր դատախազություն է հանձնել Բերձորյան ահաբեկչության վերաբերյալ հաղորդումը
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Գլխավոր դատախազություն է հանձնել Բերձորյան ահաբեկչության վերաբերյալ հաղորդումը։
Հաղորդագրության մեջ ասված է. «Այսօր Երևան-Ստեփանակերտ հեռուսատակամրջի ձևաչափով տեղի ունեցավ Սասնա Ծռեր համահայկական շարժման մամուլի ասուլիս:
Ասուլիսի թեման էր՝ Բերձորի պետական ահաբեկչության մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Բանախոսները՝ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամներ Գարեգին Չուգասզյանը և Ռուզաննա Եղնուկյանը, Սասնա Ծռեր արցախյան կուսակցության քարտուղարության անդամներ Գեղամ Գրիգորյանը և Գագիկ Եսայանը, ինչպես նաև փաստաբան Արայիկ Պապիկյանը, անդրադարձան 2015 թ. հունվարի 31-ին Բերձորի մոտակայքում Սերժ Սարգսյանի գլխավորած հանցավոր ռեժիմի հրահանգով Հիմնադիր խորհրդարանի խաղաղ ավտոերթի մասնակիցների նկատմամբ ռեժիմի Ստեփանակերտյան մասնաճյուղի կազմակերպած զանգվածային բռնության դեպքերին, որոնք իրենց մասշտաբով ու դաժանությամբ զիջում էին միայն Մարտի 1-ին:
Նրանք, մասնավորապես, հիշեցրեցին, թե ինչպես է Ստեփանակերտյան ղեկավար բանդան, որ այսօր էլ կառավարում է Արցախում, կեղծ լուրերի միջոցով նախապես հրեշացման գեբելսյան քարոզչությամբ ատելություն սերմանել ավտոերթի մասնակիցների հանդեպ, այնուհետև ոստիկանության և խաժամուժի ձեռքով ամենավայրագ ձևերով բռնություն գործադրել նրանց, այդ թվում՝ կանանց ու երեխաների, ազատագրական պայքարի նվիրյալներ Իգոր Մուրադյանի, Ժիրայր Սէֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի և մյուսների նկատմամբ, ինչպես նաև ջարդել տասնյակ մեքենաներ և հափշտակել գույք:
Բանախոսները պարզաբանեցին, որ նախկին հանցավոր ռեժիմի օրոք անիմաստ են համարել դիմել պատկան մարմիններին, իսկ նրա հեռացումից հետո մինչ օրս սպասել են, որպեսզի իրավապահպան համակարգին հնարավորություն տան Մարտի 1-ի գործով առաջընթաց ապահովելու, ինչպես նաև իր նախաձեռնությամբ Բերձորի գործի քննությունը սկսելու համար:
Գործող իշխանություններին տրված ժամանակն այլևս բավարար համարելով և օրենքով սահմանված կարգով ակնկալվող նախաձեռնությունը չտեսնելով, որոշում է կայացվել դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել պետական ահաբեկչության ձևով դրսևորված Բերձորյան զանգվածային բռնության մեղավորներին:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն ասուլիսի ավարտին ուղևորվեց ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի հետ միասին ուղիղ եթերով լուսաբանական բնույթի կարճ հայտարարությամբ հանդես գալուց հետո հանցագործության մասին հաղորդումը հանձնեց դատախազությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները