Վարդավառի ժամանակ գրանցվել են վնասվածքների, տրավմաների դեպքեր
Երևանում վերջին օրերին գրանցվող բարձր ջերմաստիճանի պայմաններում շտապօգնության կանչերը չեն ավելացել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ ինչպես նախորդ ամիսներին, այնպես էլ հիմա մայրաքաղաքում օրական գրանցվում է միջինը 650-690 կանչ:
Նրա խոսքով՝ ավելի շատ կանչեր գրանցվել են ձմռան ամիսներին:
«Անկախ շոգից, շտապօգնության հիմնական կանչերը կապված են սիրտ-անոթային հիվանդությունների, սուր-շնչառական հիվանդությունների և վնասվածքների հետ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը՝ հավելելով, որ ամառային տապին արևահարության դեպքերով կանչեր շտապօգնության ծառայությունը չի ստացել:
Շտապօգնության ծառայության տնօրենից հետաքրքրվեցինք, թե արդյոք Վարդավառի ժամանակ լուրջ դեպքեր են գրանցվել, վերջինս նշեց, որ երեկ սպասարկել են 6 քաղաքացու, որից 4-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա խոսքով՝ կանչերը հիմնականում պայմանավորված էին վնասվածքների, տրավմաների հետ:
Անդրադառնալով շտապօգնության ծառայության աշխատանքին՝ Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ մինչև օգոստոսի վերջ բրիգադների թիվը կավելանա 15-ով՝ հասնելով 50-ի:
Միաժամանակ նա քաղաքացիներին հորդորեց շտապօգնություն դիմել միայն անհրաժեշտության դեպքում:
«Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, քանի որ սպասարկում ենք նաև ոչ անհետաձգելի կանչեր: Կանչ են տալիս նաև այն քաղաքացիները, որոնք կարող են դիմել իրենց պոլիկլինիկա, ընտանեկան բժշկին, մինչդեռ կան ավելի անհետաձգելի դեպքեր, որտեղ մարդու կյանքը վտանգված է, և հնարավոր է, որ բրիգադները ֆիզիկապես ուղղակի չհասցնեն հասնել այս կամ այն կանչին»,- նշեց Թագուհի Ստեփանյանը:
Անդրադառնալով շտապբուժօգնության ծառայության աշխատակիցների բողոքներին, որոնք վերաբերում էին ցածր աշխատավարձերին, բժշկական ապահովագրության բացակայությանն ու աշխատանքային պայմաններին, ծառայության տնօրենն ասաց, որ բժշկական ապահովագրության հարցը լուծվել է, իսկ աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է 2020թ-ի հունվարի 1-ից:
Ինչ վերաբերում է բուժանձնակազմի աշխատանքային պայմաններին, Թ.Ստեփանյանն ասաց, որ շտապօգնության ենթակայանները վերանորոգելու ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա