Աջ ձեռքով ձախ ականջը բռնողը... Երվանդ Ղազանչյան
«Գնում են, գնում են, իրար հետևից գնում են, մեր թատերական երկնակամարում անընդհատ աստղեր ենք կորցնում իրար հետևից»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը՝ խոսելով ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի, նրա բեմադրությունների, թատերարվեստում ունեցած հաջողությունների մասին։
Հիշեցնենք, որ Երվանդ Ղազանչյանի մահացել է նախօրեին։ Նա 82 տարեկան էր։
Արմեն Սանթրոսյանն ասաց, որ բախտ է ունեցել խաղալ Ղազանչյանի լավագույն բեմադրություններում, այդ թվում Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն, Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»։
«Արտակարգ տաղանդի տեր մարդ, արտակարգ հումորի տեր մարդ, արտակարգ երևականություն ունեցող մարդ, բոլորը համախմբված դնում էր իր բեմադրությունների մեջ։ Դրա համար իր բեմադրությունները թատերական արվեստի լավագույն նմուշներից են, որոնք պետք է մնան, պահպանվեն»,- նշեց նա։
Ա. Սանթրոսյանի խոսքով, այժմ այդ տեղը դատարկվել է, չգիտի՝ արդյոք երբևէ կլրացվի այդ տեղը, թե ոչ։
«Ոնց որ իր պատմությունը կիսատ մնաց։ Եթե չհիվանդանար, անգամ այս տարիքում դեռ կարող էր ստեղծել հոյակապ բեմադրություններ։ Համոզված եղեք, որ Ղազանչյանի անունն ուղղակի մեր հայ թատրոնի պատմության մեջ գրվեց ոսկի տառերով»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը։
Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանն ասաց, որ դժվար է առանց Երվանդ Ղազանչյանի պատկերացնել հայկական ներկայիս թատերարվեստը, թատերական ինստիտուտը։
«Իմաստուն էր իր խորհուրդներով, ազգայինը գնահատող անձնավորություն էր։ Ատամները սեղմած պայքարում էր, որ ազգայինի հանդեպ մոլուցքը փոխանցվի նաև երիտասարդներին։ Երիտասարդների համար գայթակղիչ է արտասահմանյան դրամատուրգիա բեմադրելը, բայց հասկանում էր, որ առանց ազգային դրամատուրգիայի, գրականության չկա ազգային թատրոն։ Այդ գիտակցումը շատ որոշակի էր, գնահատելի, հետո մենք կհասկանանք։ Ես ասում էի՝ պայքարեք, պայքարեք ազգայինի համար, բայց ձեզ հաստատ հիշելու են Դոստոևսկու «Ապուշով», Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմությունով», ոչ թե Շիրվանզադեի «Պատվի համարով» ու «Մորգանի խնամիով»։ Ասում էր՝ հասկանում եմ, բայց դե...։ Ինքը կարող էր բեմ հանել ու հետաքրքրիր ներկայացնել ամեն ինչ, բայց գերադասում էր պրոպագանդել ազգայինը»,- ասաց նա։
Ն. Սարգսյանի խոսքով, հոգատար, փայլուն անձնավորություն էր, եղել է իր կուրսի ղեկավարը, հետաքրքրվում էր բոլոր ուսանողներով։
«Երիտասարդ ուսանողներից մի քանի գլխավոր ռեժիսորներ ունեցավ։ Մտածում էր, որ երիտասարդ արվեստագետները գնան շրջաններ ու այնտեղ զբաղվեն թատրոնով»,- նշեց նա։
Ն. Սարգսյանը նաև հիշեց. «Մենք ռեժիսորական բաժնի հինգերերոդ կուրսում էինք սովորում, ինքը պետք է դիպլոմային աշխատանք աներ, մենք խաղայինք։ Վերցրեց Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմությունը», բեմադրեց շատ հետաքրքիր մետաֆորաներով, պայմանական լուծումներով։ Զարմացել էինք, որովհետև ինքը միշտ ռեալիստական, հոգեբանական արվեստի կողմնակից էր։ Հարցրեցինք, թե ինչպես որոշեցիք 180 աստիճան փոխվել։ Ասաց՝ որպեսզի իմանան, որ Երվանդ Ղազանչյանն աջ ձեռքով ձախ ականջը բռնել գիտի»։
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է Երվանդ Ղազանչյանը
- «Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը՝ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ
- «Նիկո՛լ ջան, ես չէի ուզի, որ իմ ու քո վեճը քննարկի Բաքուն». Երվանդ Ղազանչյան