«Կոնսենսուս մինուս մեկ»-ը յուրաքանչյուր ադեկվատ քաղաքացու մտորումն է այսօր. Վահան Բաբայան
«Հայաստանի պատմության մեջ, նույնիսկ խորհրդային տարիներից սկսած, այսպիսի խայտառակ, նորմալ մտածողությունից դուրս դատական գործընթացներ չեմ հիշում, որ եղած լինեն»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
Նրա խոսքով՝ այսքան խախտումներով դատավարություններ, դատական համակարգի այսքան ճնշումներ չի եղել և այն տևական ժամանակ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա դատական համակարգի կայացման համար։
«Երբ դատավորը մտածում է, որ ինքը պաշտպանված չի, սա երևի արդարադատության վերջն է։ Եթե դատարանների հարցը հաջողվի լուծել այնպես, ինչպես այսօր ցանկանում է իշխանությունը, հաջորդ քայլը, բնականաբար, գալու է մամուլին։ Կփորձեն այլ մեթոդներով ճնշել և մամուլին դարձնել կառավարելի։ Իսկ հաջորդ քայլը, որն անելու է իշխանությունը՝ սեփականության տոտալ վերաբաշխումն է, բայց դրան հասնելու համար պետք է մամուլն ու դատարանները լինեն լրիվ կառավարելի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ Մարգարյանի կարծիքով, այն սպասված էր. «Շատերը սպասում էին ելույթի, որը ծրագրային տարրեր պարունակեր և կար այդ տարրերը, ինքը մեկ անգամ ևս հաստատեց, որ ակտիվ զբաղվելու է քաղաքականությամբ և հստակ ասեց ակտիվ գործողությունների ժամկետներ։ Քանի որ այսօր ԱԺ-ում չկա այն ընդդիմությունը, որը երկրին այսօր օդի ու ջրի պես պետք է, ուրեմն ստեղծվելու է արտախորհրդարանական ընդդիմություն և այդտեղ լուրջ դերակատարում կունենա Ռոբերտ Քոչարյանը»։
Հանդիպմանը ներկա ՀՅԴ ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանի խոսքով՝ գործող իշխանությունները չեն կարող իրականացնել դատաիրավական համակարգի արդյունավետ բարեփոխումներ, քանի որ հայեցակարգ չունեն։
«Բոլորիս համար ակնհայտ է, որ Հայատանում գործադիր և օրենսդիր իշխանությունները լծվել են դատական իշխանության նվաճման և յուրացման գործընթացին։ Մեր դատական համակարգը միշտ էլ աչքի է ընկել խնդիրներով, բայց դրանք լուծելու հայեցակարգերը պետք է գեներացվեն հենց դատական համակարգում»,- նշեց նա։
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ հավելեց. «Սա ոչ այլ ինչ է, քան դատական համակարգին դարձնել ծառա՝ տարբեր տեսակի վրեժխնդրությունների համար։ Պարզ է, որ ընտրովի մոտեցում է ցուցաբերվում դատավորների նկատմամբ, ինչը սկսվեց հենց այն օրը, երբ հասարակությունը լիարժեքորեն չգնահատեց համակարգի հանդեպ տեղի ունեցած արշավը»։
Բաբայանը համաձայնեց վերը նշված այն տեսակետի հետ, որ մամուլը ևս ենթարկվելու է սահմանափակումների։
Անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցին՝ նա նշեց, որ առանց Քոչարյանի քաղաքական դաշտը այս պահին անհնար է պատկերացնել։
«Թե ինչպիսի կոնսոլիդացիաներ կգնան, ինչ անձերի և ուժերի շուրջ, ցույց կտա ժամանակը.
«Կոնսենսուս մինուս մեկ»-ը, կարծում եմ, յուրաքանչյուր ադեկվատ քաղաքացու մտորումն է այսօր»։