ՀԸԳՀ լիարժեք ուժի մեջ մտնելու հարցն ավելի շատ տեխնիկական. Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին տված հարցազրույում անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրա՝ ուժի մեջ մտնելու ժամկետներին:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ այս կարևոր համաձայնագիրն ամրապնդում է աճող քաղաքական, տնտեսական երկխոսությունը և գործընկերությունը ԵՄ հետ:
«ՀԸԳՀ լիարժեք ուժի մեջ մտնելու հարցն ավելի շատ տեխնիկական է, քանի որ այն գործնականում կիրարկվում է: Ինչու՞: Քանի որ մենք արդեն իսկ ունենք համապատասխան մեխանիզմ՝ ժամանակավոր կիրարկում: Հայաստանը վավերացրել է համաձայնագիրը, Եվրոպական Խորհրդարանը՝ նույնպես, այժմ անհրաժեշտ է ԵՄ 28 երկրների վավերացումը, և նրանցից յուրաքանչյուրն ունի վավերացման իր սեփական ընթացակարգը: ԵՄ 18 անդամ երկրներ արդեն իսկ վավերացրել են այն: Հետևաբար, ներկայումս դեռ կա 10 երկիր, որ պետք է վավերացնի համաձայնագիրը, և նրանք պատրաստ են վավերացնել այն, քանի որ չկա որևէ քաղաքական խոչընդոտ: Սա պարզապես ներքաղաքական գործընթաց է: Փաստացի, առկա դրույթների 80%-ն արդեն իսկ կիրարկման փուլում է: Մենք համակարգել և համաձայնեցրել ենք կիրարկման ճանապարհային քարտեզը, և կիրարկումն իրականացվում է»,- նշել է Մնացականյանը։
Նրա խոսքով՝ Եվրոպան հետևողական, շարունակական մասնակիցն է եղել Հայաստանի ինստիտուտների, պետական կառույցների զարգացմանը, տնտեսության զարգացմանը:
«Որպես այս գործընթացի մի մաս՝ մենք ցանկանում ենք ներգրավվել ԵՄ հետ վիզայի ազատականացման երկխոսության մեջ, որի վերջնական արդյունքը կլինի համապատասխան համաձայնագրի կնքումը:
Այսօր մենք ունենք ՀԸԳՀ՝ որպես նոր իրավական հիմք, որի հիմքով շարունակում ենք մեր համագործակցությունը, և ձեռնարկելու այս ուղղությամբ հետագա քայլեր՝ ի նպաստ հայ ժողովրդի: ՀԸԳՀ մի փաստաթուղթ է, որն առնչվում է բազմաթիվ ոլորտների, այն իր մեջ ներառում է քաղաքական, արդարադատության և ազատությունների մասեր, ինչպես նաև լայն ոլորտային հատված: Այն համապարփակ համաձայնագիր է, որը ներառում է տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, առևտրի և տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներ: Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի և ԵՄ միջև օրենսդրական դաշտի մոտարկում, ինչպես նաև առևտրի և ներդրումների ոլորտում խթանում: Հետևաբար, ՀԸԳՀ մեզ համար գործիք է՝ առավել բարելավելու մեր նորմատիվ կամ չափորոշիչային կարգավորումները, որոնք պետք է նպաստեն մեր պետության զարգացմանը»,- ասել է Մնացականյանը։
Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ։