Հայ Դատն աշխատում է Հայաստանին հավելյալ 40 մլն դոլար օգնություն տրամադրելու առաջարկի ուղղությամբ
Անկախությունից ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանին տրամադրել է ավելի քան 2 մլրդ դոլարի օգնություն: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսում ասաց Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:
Նա միաժամանակ նշեց, որ Արցախին էլ ԱՄՆ-ը տրամադրել է 45 միլիոն դոլարի օգնություն:
«Արցախը միակ չճանաչված հանրապետությունն է, որն ԱՄՆ-ից ուղղակի աջակցություն է ստանում»,- ասաց Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահը:
Նոր Հովսեփյանը հույս հայտնեց, որ 2020 թվականին Արցախի մասով աջակցությունը կհասնի 5 միլիոն դոլարի: Ինչ վերաբերում է Հայաստանի տրամադրվելիք ֆինանսական աջակցությանը, նա նախ հիշեցրեց, որ կոնգրեսական Ջեքի Սփիրի՝ Հայաստանին հավելյալ 40 մլն դոլար օգնություն տրամադրելու առաջարկը աջակցություն է ստացել թե Դեմոկրատական, թե Հանրապետական կուսակցությունների անդամների կողմից. «Հայաստանի վերաբերյալ արդեն կա 45 միլիոն դոլարի մասին որոշում, եթե ԱՄՆ նախագահը հաստատի Սփիրի առաջարկը, ապա դրան կգումարվի ևս 40 միլիոն դոլար»:
Նորա Հովսեփյանը միաժամանակ նշեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է նվազեցնել բոլոր երկրներին տրվող ամերիկյան օգնությունը, նույնիսկ այն երկրների, որոնք մշտապես մեծ գումարներ են ստացել:
Անդրադառնալով Ադրբեջանին Իրանի հետ սահմանի ամրապնդման համար 100 մլն դոլարի տրամադրման մասին տեղեկությանը, Նորա Հովսեփյանն ասաց, որ լուրը շրջանառվում է, բայց իրականությանը չի համապատասխանում. «Դա ֆեյք լուր է»:
Նրա խոսքով՝ Կոնգրեսի կողմից 1992 թվականին ընդունված «Ազատության աջակցության» ակտի 907-րդ բանաձևի համաձայն` ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն տրամադրել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության պատճառով. «Անշուշտ Ադրբեջանը ԱՄՆ-ից կստանա ֆինանսական աջակցություն, բայց այլ նպատակների համար»: