Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց ՊՊԾ գնդի նախկին ծառայակից Վարդան Ղուկասյանը։ Նա պատմեց, որ դեպքի օրը ծառայություն էին իրականացնում Քանաքեռ վարչական շրջանում, ռադիոկապով լսել են, որ տղաները օգնություն են ուզում, մոտեցել են ՊՊԾ գնդի տարածքին, նկատել են պարեկային մեքենաներ։
«Գնդի հերթապահ Մուրադյան Խաչիկը մոտեցավ։ Հարցրեցինք՝ ի՞նչ կա։ Ասաց, մտել են, չգիտեն ով է, անկանոն կրակում են, տղերքը ներսում են։ Նկատեցինք, որ Գագիկ Մկրտչյանն է գալիս լրիվ արյունոտ։ Եկավ, մինչև շտապօգնություն կանչեցինք, տեսանք, որ լավ չէ, մենք պարեկային մեքենայով տարանք հիվանդանոց։ Արնահոսում էր։ Ճանապարհին խոսում էինք, թե ինչ է եղել, ճանաչում է, թե ովքեր են, ասաց որ որևէ մեկին չի ճանաչում։ Հարցրեցինք, թե ինչպես եղավ, որ կրակեցին, ասաց՝ կռացած գնում էի, դուռը բացվեց, կրակեցին վրես։ Տեսել է երկու հոգու»,- ասաց նա։
Պատասխանելով «Սասնա ծռերի» անդամներից Վարուժան Ավետիսյանի հարցին, թե ինչ կեցվածքով էր քայլում Գագիկ Մկրտչյանը, վկան ասաց, որ ուղիղ չէր կարող քայլել, վիրավոր էր, կծկված էր, մեքենայում խոսում էր նորմալ, բայց ասել է, որ օդը չի հերիքում, իջեցրել են մեքենայի ապակին:
Հարցաքննվեց նաև ոստիկանության զորքերի աշխատակից Հայկ Խուդավերդյանը։ Վկայի խոսքով, իրենք 2016 թ. հուլիսի 30-ին հրահանգավորվել են Բուռնազյան փողոցում, շարժվում էին ծառայություն իրականացելուց։ «Տիգր» զրահապատ մեքենայի հետևից շարժվել են, Տիգրան Մեծի պողոտա չհասած կրակոցը հնչել է։
«Աջաղեկյան մեքենա էր։ Ղեկին Ազատ Համբարձումյանն էր, կողքը ես եմ եղել, իմ հետևում՝ Յուրի Տեփանոսյանը, նրա կողքին՝ Մհեր Չիլինգարյանը։ Հենց կրակոցը լսվեց՝ շրջվել եմ հետ։ Յուրա Տեփանոսյանը մարմնով առաջ էր եկել և արնահոսում էր։ Ձեռքս դրել եմ ավտոմեքենայի ձայնային ազդանշանին ու բարձր բղավելով վարորդին գոռացել եմ՝ քշի։ Այդ ընթացքում Մհեր Չիլինգարյանը մեքենայից իջել է, ճանապարհը բացել է, մենք դուրս ենք եկել ու Յուրային հասցրել հիվանդանոց։ Զանգել, զեկուցել եմ վաշտիս հրամանատարին, որ Յուրան վիրավոր է»,–պատմեց Հայկ Խուդավերդյանը։
Նա ասաց, որ հնչել է մեկ կրակոց, մեքենան ընթացքի մեջ է եղել, որևէ մեկին դեպքի վայրում, շրջակայքում չի տեսել։ Հ. Խուդավերդյանի խոսքով, Յուրա Տեփանոսյանը և մեքենայում գտնվող մյուս մարդիկ ունեցել են շատ լավ հարաբերություններ: Նա նշեց, որ մեքենան պատկանել է Տեփանոսյանին։ Դատախազի հարցին՝ արդյո՞ք նախապես պլանավորված եղել է, որ Տեփանոսյանը չպետք է իր մեքենան վարին, վկան պատասխանեց. «Պլանավորում չի եղել, ինքը չի ուզել վարի։ Գերհոգնած էր։ Ես եմ հարցրել՝ քո ավտոն դու քշի, ասել է՝ խանութում երկար եմ աշխատել, հոգնած եմ, հետևում նստեմ մի քիչ հանգստանամ»։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- Դատավորը չբացառեց՝ Յուրի Տեփանոսյանի հայրը կարող է ընդգրկվել դատակոչի ցուցակում
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- Վալերի Օսիպյանը հերքում է Յուրի Տեփանոսյանի հոր հայտարարությունը
- Յուրի Տեփանոսյանի գործը կշարունակի կինը
- ՊՊԾ գնդի տարածքում սպանված Գագիկ Մկրտչյանի հարազատները նույնպես տեղյակ չեն եղել դատավարության մեկնարկից. armtimes.com
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան