«Ամբողջ գյուղը մի ձկի չա՞փ էլ չկա». Հայանիստի բնակիչներ
Արարատի մարզի Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասի բնակիչները՝ շուրջ 171 տնտեսություն, 30 տարի շարունակ խմելու ջրի լուրջ խնդիր ունեն:
«Էկոլուր»-ը գրում է՝ ամռան այս շոգ սեզոնին գետաշենցիները մնացել են ոչ միայն առանց ոռոգման, այլև՝ առանց խմելու ջրի: «Եթե ջուր չկա, կյանք չկա: Բնությունը չորանում է…Ոչ մի տեսակի ջուր չունենք՝ ո՛չ ոռոգման, ո՛չ խմելու...Հիմա գնանք, ծորակները բացենք՝ ջուր չկա, չոր-չոր է...Անասուն պահելով ենք եկամուտ ստանում, բայց էդ խեղճ անասունը դաշտում ջուր չունի, որ խմի: Լեզուները կախ դաշտից տուն են գալիս»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասացին բնակիչները:
Ըստ աղբյուրի, Հայանիստ համայնքում ներկայում կա գործող չորս ձկնաբուծարան: Ձկնաբուծարանների լճերից մեկի հայելու մակերեսը 4000 քառակուսի մետր է, մյուսներինը՝ համապատասխանաբար 4500, 7000 և 20 հազար քառակուսի մետր: Որպես ջրի աղբյուր ձկնաբուծական տնտեսություններն օգտվում են Արարատյան արտեզյան ավազանից: «Գիտեք՝ այստեղ ինչքան ձկնաբուծարան կա: Այս ամբողջ գյուղը մի ձկան չա՞փ էլ չկա»,- դժգոհեցին բնակիչները:
Ներկայումս Գետաշեն թաղամասում օրվա ընթացքում արտեզյան երկու հորերից երկու ժամ տևողությամբ ոռոգման ջուր է մատակարարվում, բայց գյուղացիները չեն հասցնում այդ երկու ժամվաընթացքում բավարար քանակի ջուր հավաքել. «Օրական 2 ժամ ջուր են տալիս, էն էլ՝ ոռոգման, խմելու պիտանի չէ: Բայց ստիպված կամ խմում ենք, կամ էլ՝ առնում: Ջուրը, որ տալիս են, տունը քաոս է. կինը չգիտի լվացք անի, ճաշ եփի, ջուր հավաքի... Ջուրը, որ առավոտ-իրիկուն երկու-երկու ժամով տան, ամեն ինչ էլ կհասցնենք»,- նշել են գետաշենցիները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։