Մեր անելիքները հստակ են, իսկ արդյունքը՝ շոշափելի. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է պրոֆեսորադասախոսական կազմի մրցույթի վերաբերյալ մի շարք դասախոսների բողոքներին:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ,
մամուլից տեղեկացա, որ մեր համալսարանի երկու դասախոս, ովքեր, ցավոք, սովոր են իրական դասախոսության փոխարեն նյութը 80 րոպեի ընթացքում թելադրել ուսանողներին (ուսանողները թույլ չեն տա ստել, շատ են բողոքել), դժգոհ լինելով համալսարանում ընթացող բարեփոխումներից, մամուլի ասուլիս էին հրավիրել, որպեսզի ամեն գնով սևացնեն շահառուների համար ակնհայտ և արդեն չափելի դրական արդյունքները։
Հետաքրքիր է, որ թելադրության մեթոդը նախընտրող դասախոսները պետք է ներկայացնեին, ինչպես իրենք են նշում, «համալսարանը իսկապես բարեփոխելու ուղիները»։ Կանխատեսելի էր, որ թիրախավորել են առավելապես իմ անձը՝ ատենախոսությանս տեսական՝ գրականության ամփոփման հատվածում նկատված հղումներին առնչվող խնդիրները անվանակոչելով «գրագողության փաստեր»՝ շատ լավ հասկանալով, որ այդ ամենն իմ հետազոտության իրական արդյունքների հետ էական կապ չունի։ Հարկ եղած դեպքում՝ այս մասին առանձին և ավելի ծավալուն կխոսեմ։
Ընտրելով իրական և ոչ թե ձևական բարեփոխումների ուղին՝ մեր թիմի համար ակնհայտ էր, որ այսպիսի դիմադրություն է լինելու, սակայն վստահ եմ, որ մենք այլևս ժամանակ չունենք ձևականությամբ զբաղվելու համար։ Ես նաև գիտեմ, որ դիմադրությունը շարունակվելու է բոլոր երևակայելի և աներևակայելի մեթոդներով (ատենախոսությունից մինչև անձնական կյանք), սակայն մեր անելիքները հստակ են, իսկ արդյունքը՝ շոշափելի։ Հետևաբար, ջանք չենք խնայելու՝ ստեղծված արդյունքը զարգացնելու ուղղությամբ։ Ի վերջո, ամեն ինչ որոշում և որոշելու են մեր շահառուները»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան