Տեսչական մարմին. Չօգտվել չորս առողջարանների չափիչ սարքավորումների ծառայություններից
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլորին՝ ՉՕԳՏՎԵԼ «Գլաձոր առողջարան» ՍՊԸ-ի, «Ջերմուկ-3 առողջարան» ՍՊԸ-ի, «Ջերմուկի նոր կյանք» առողջարան ՍՊԸ-ի և «Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲԸ-Ի չափիչ սարքավորումներով մատուցվող ծառայություններից։
Դրանց չափումների արդյունքները օգտագործվում են առողջապահության բնագավառում, քանի որ ՀՀ կառավարության 2016թ-ի փետրվարի 11-ի № 113-Ն որոշմամբ սահմանված այդ չափիչ սարքավորումները օրենքով սահմանված կարգով չեն ստուգաչափվել, հետևաբար՝ դրանց տվյալները կարող են լինել ոչ ճշգրիտ, ինչն էլ կարող է հանգեցնել սխալ ախտորոշման՝ վտանգելով Ձեր կյանքը:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից նշված առողջարաններում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջիններիս կողմից չի պահպանվել «Չափումների միասնականության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ «Չափման միջոցների ստուգաչափումը», 1-ին մասի՝
«1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են ստուգաչափման
և 2-րդ մասի՝
2. Չափման միջոց կիրառող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց կողմից առևտրային նպատակներով կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթարկել ստուգաչափման» պահանջները:
«Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսվարողներին տրվել են կարգադրագրեր: Կարգադրագրերի կատարման և խախտումների վերացման՝ վերոնշյալ չափիչ սարքավորումների ստուգաչափման մասին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լրացուցիչ կտեղեկացնի:
Հետևեք Ձեր առողջությանը և եղեք հանրային վերահսկող»,-ասված է տեսչական մարմնի տարածած հայտարարության մեջ։