Գյումրիի մաքսատունը պետք է այնպես կառուցվի, որ դառնա բիզնեսի ներմուծման և արտահանման կենտրոն. ՊԵԿ նախագահ
«Ներկրվող ավտոմեքենաների աննախադեպ հոսք է սպասվում, նույնիսկ կանխատեսելն այս պահին շատ դժվար է, քանի որ մեր հայրենակիցների «բիզնես ակտիվությունը» բավականին բարձր է»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին:
Նրա խոսքով՝ հոկտեմբերից, ըստ էության, պետք է որ գործի Գյումրիի ավտոմաքսատունը։
«Ինչո՞ւ հյուսիսում, որովհետև 90 տոկոսից ավելի հոսքը գալիս է երեք մաքսակետերից, որոնք գտնվում են հյուսիսում։ Եվ տարածքը, որտեղ պետք է լինի սպասարկման կենտրոնը, 158 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կիլոմետր՝ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից։ Այն աշխարհագրական առումով նաև ճիշտ տեղում է»,-ընդգծեց Դավիթ Անանյանը:
Դիտարկմանը, թե 2020 թվականի հունվարից, հավանաբար կնվազեն ավտոմեքենաների ներկրման ծավալները, արդյոք նոր մաքսատուն կառուցելու ծախսն արդարացված կլինի՞, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Այնպես պետք է նախագծվի և ֆունկցիոնալ առումով այնպես կառուցվի, որ այդ տարածքը հետագայում հանդիսանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ենթահամակարգի բաղկացուցիչ։ Ամբողջ բիզնեսի ներմուծման և արտահանման կամ այլ կերպ ասած՝ արտաքին տնտեսական գործունեության հետ կապված գործառույթի սպասարկման մեծ կենտրոն է լինելու այնտեղ»:
Հիշեցնենք, որ գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագիծը: