Ցամաքային ճանապարհով Վրաստան հասնող ՌԴ զբոսաշրջիկների թվի աճ է նկատվել
Վրացական «TBC» բանկը թարմացրել է զբոսաշրջության ոլորտի վերլուծության շաբաթական ցուցանիշը: Jnews-ի հաղորդմամբ, տվյալները ներկայացրել է commersant.ge թբիլիսյան պարբերականը:
Ըստ ուսումնասիրության, մեկ շաբաթվա ընթացքում՝ 2019 թվականի հուլիսի 22-ից, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանից Վրաստան այցելուների թիվը նվազել է 6,8%-ով: Միևնույն ժամանակ, անցած երկու շաբաթներին նախորդ տարվա համեմատ, ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է, համապատասխանաբար 3,5%-ով և 21,4%-ով:
Զեկույցում նշվում է, որ ինքնաթիռով Վրաստան ժամանող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կրկին կտրուկ նվազել է, սակայն, ի տարբերություն նախորդ շաբաթների, ցամաքային ճանապարհով ժամանող Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: Բացի այդ, ավելացել է Եվրամիությունից զբոսաշրջիկների թիվը:
Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներից Վրաստան այցելուների աճը կազմել է 3,7%, ի տարբերություն 2.1%-ի աճի, որը գրանցվել էր անցած շաբաթ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի կառավարությունը կօժանդակի Ռուսաստանից տարանցիկ չվերթներին
- Վրաստանի բնակիչները գնահատել են Թբիլիսիի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու Պուտինի քայլը