Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներն այսօր կվերադառնան, ընկերությունն էլ՝ պատասխանատվության կենթարկվի
Հուրգադայում մնացած 109 ՀՀ քաղաքացի այսօր կվերադառնա Երևան: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ Հուրգադայից Երևան մի քանի թռիչքի չեղարկման պատճառով Եգիպտոսում մնացած հարյուրավոր քաղաքացիների վերադարձը հայրենիք հնարավոր է եղել կազմակերպել մի քանի գերատեսչությունների հետ ինտենսիվ աշխատանքի, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարության, Եգիպտոսում ՀՀ դեսպանի շնորհիվ:
Տիգրան Ավինյանը հայտնեց, որ կարողացել են կազմակերպել երկու թռիչք Հուրգադայից դեպի Երևան. հուլիսի 26-ին առաջին օդանավով Հայաստան է տեղափոխվել 132 քաղաքացի, իսկ հուլիսի 29-ին տեղափոխվել է 183 քաղաքացի, որից 8-ը՝ մանկահասակ:
«Հետագայում պարզվեց, որ դեռևս 109 ՀՀ քաղաքացի գտնվում է Հուրգադայում: Այսօր, ժամը 14:25-ին, նրանք «Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավով կտեղափոխվեն Երևան»,- ասաց փոխվարչապետը:
Տիգրան Ավինյանը նշեց, որ պետք է քննարկեն պատճառներն ու հասկանան, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել` նման երևույթները կանխելու, ինչպես նաև պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ տուրիստական կազմակերպության չկատարված պարտավորությունները քաղաքացիների նկատմամբ այն պատճառով են, որ բավականաչափ ազատական իրավակարգավորումներ են գործում Հայաստանում:
Ըստ նրա՝ Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ աշխատում են՝ հասկանալու համար, թե աշխարհում ինչպիսի այլընտրանքներ կան ու ինչպիսի օպտիմալ որոշումներ կարող են կայացվել Հայաստանի դեպքում:
«Ճիշտ եղանակը նման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին իրենց ստանձնած քաղաքացիաիրավական պարտավորությունների առնչությամբ ապահովագրության պահանջի ներկայացումն է: Սա պետք է լինի ապահովագրության մեխանիզմների ճիշտ նախագծման և ներդրման ճանապարհով: Մենք Կենտրոնական բանկի հետ համատեղ կաշխատենք ապահովագրական ընկերությունների հետ, որ դա թանկ չլինի քաղաքացիների համար, բայց նրանք երաշխավորված կլինեն, որ նման իրավիճակներում չեն հայտնվի»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ կարճ ժամկետում կներկայացնեն համապատասխան տեսակետները:
Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց երկու շաբաթվա ընթացքում կազմակերպել քննարկումները. «Համոզված եմ, որ մեր քաղաքացիները միանշանակ խելամիտ վճարի դիմաց կցանկանան ապահովագրված լինել հյուրանոցի սպասասրահում գիշերելու ռիսկից»:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հայտարարեց, որ պարտավորությունները չկատարած տուրիստական ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրա խոսքով՝ այս պահին ոստիկանությունում համապատասխան նյութեր են նախապատրաստվում:
Հարակից հրապարակումներ`
- Հուրգադայից ևս մեկ հատուկ չվերթ կլինի օգոստոսի 1-ին
- Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու վերադառնալ Երևան
- ԱԳՆ. Չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը
- Եգիպտոսում ՀՀ դեսպանություն. Հուրգադայաում մնացած ուղևորները թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Երևան
- Սիսեռյան.Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրի լուծումը գրեթե գտնվել է
- Եգիպտոս չմեկնած քաղաքացիները պահանջում են վերադարձնել իրենց գումարները
- Քաղաքացիները մնացել են Եգիպտոսում, իսկ ոստիկանությունը դեռ քննություն է իրականացնում
- Հուրգադայից 100 հայաստանցիներ չեն կարողանում վերադառնալ
- Դեպի Եգիպտոս կեղծ ավիատոմսերի մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում
- Կեղծ ավիատոմսեր՝ դեպի Եգիպտոս