Արագիլների աղտոտվածության աղբյուրը դեռ ամբողջությամբ պարզ չէ
Տասն օրից ավելի է, ինչ Հովտաշենում արագիլների հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, ծածկված են յուղանյութով, ապա փոշիով: Պատկան մարմինները վերցրել են փետուրներից փորձանմուշ՝ պարզելու, թե ինչով են աղտոտված, փորձում են պարզել նաև աղբյուրը։ Սակայն դեռ հստակ պատասխան չկա, ով է մեղավորը։ Աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման, մեղավորներին գտնելու ուղղությամբ արված քայլերի մասին Panorama.am-ը զրուցել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժին պետ Արթուր Բեգլարյանի հետ։
Panorama.am-Արդյո՞ք արդեն պարզել եք, թե որն է եղել Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության աղբյուրը։
Ա. Բեգլարյան-Աղբյուրն ամբողջությամբ չենք պարզել։ Ներքին համոզմամբ մոտավորապես գիտենք, հստակ ապացույցներով դեռ չունենք։ Նյութերը պետք է ուղարկենք իրավապահ մարմիններին, որպեսզի իրավապահները գործը քննեն։
Panorama.am-Հայտարարվում է, որ աղտոտման աղբյուրը թառափի ձկնաբուծարաններն է։
Ա. Բեգլարյան- Մինչև հստակ ստուգում չանենք, ապացույցներ չլինեն, չենք կարող նման հայտարարություն անել։ Կան ձկնաբուծարաններ, որոնց մոտից կարող էր լինել նման արտահոսք, բայց հաստատ առայժմ որևէ մեկի վրա նման պատասխանատվություն չենք կարող դնել, մինչ վերջնական ստուգում չանենք։ Իսկ ստուգում երևի կանենք արդեն քրեական գործով։ Կհարուցվի գործ, քրեական գործով ստուգում կարվի, փորձագետներ կներգրվվեն։
Panorama.am- Տասն օրից ավելի է, այս խնդիրը կա ու դեռ հստակ չունեք պատասխան, թե որն է աղբյուրն ու ով է մեղավոր։
Ա. Բեգլարյան -Մեր ուսումնասիրություններն ունենք, բայց վերջում այդ տնտեսվարողի մոտ պետք է ստուգում արվի, դրա արդյունքում հաստատվի, որ մենք էլ կարողանանք հաստատ հայտարարություն անել։ Կոնկրետ մեղավորին գտնելու համար մենք բավականին աշխատանքներ են արել, նյութեր հավաքել, որ ուղարկենք իրավապահներին։
Panorama.am –Արդեն դիմե՞լ եք ոստիկանություն ու դատախազություն բնապահպանական նորմերն ակնհայտորեն խախտողների դեմ մեղադրանքով։
Ա. Բեգլարյան- Նյութերը կազմել ենք, այս երկու օրը կուղարկենք։ Պետք է բոլոր նյութերը հավաստի աղբյուրներից վերցնենք, հաստատենք, որ սա էկոլոգիական լուրջ աղետ է ստեղծել, Գիտությունների ազգային ակադեմիայից գիտական հիմնավորումը տվել են։ Երբ գրությունը հասնի մեզ, կուղարկենք իրավապ մարմիններին։
Panorama.am-Պարոն Բեգլարյան, որքան հասկացվում է արագիլներին օգնելու կոչերից՝ առաջինը տեսչությունը չէ, որ տեղեկացել է խնդրից։ Ինչո՞ւ։ Ի՞նչ վերահսկողական ֆունկցիաներ ու գործողություններ կան, որ չեն աշխատել։
Ա. Բեգլարյան -Արագիլները բնադրում են գյուղերի մեջ, միանգամից մոտակա բնակիչները նկատել ու ահազանգել են, իրենք էլ օգնել են։ Իսկ վերահսկողությունն այսպես է. մենք ունենում ենք տարեկան հաստատված ծրագիր, կոնկրետ որ տետեսվարողների մոտ ենք ստուգում, դրա արդյունքում պարզում ենք՝ ընթացքում խախտումներ արել են, թե ոչ։ Կան հսկողություն իրականացնող մարմիններ, որ տվյալ պահին չթույլատրեն նման բան։ Տնտեսվարողներն իրազեկված են, պետք է ունենան թափոնի անձնագիր, թափոնների հաստատված չափաքանակներ։ Անընդհատ չի խախտվել, մի պահ թափոնները դուրս են թափվել շրջակա միջավայր, հետևանքները սա է։ Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է տեղում նայեին, չթույլատրեին։ Որևէ անբարեխիղճ տնտեսվարողի, անբարեխիղճ ֆիզկական անձի, անբարեխիղճ քաղաքացու գործունեություն է, որ պահի տակ թափոնները դրել է շրջակա միջավայրում, հետևանքն այսպես է եղել։
Հարակից հրապարակումներ`
- Շրջակա միջավայրի նախարարությունն ընդամենը թուղթ ստորագրող
- Արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ
- Արագիլների աղտոտման աղբյուրը, ըստ երևույթին, թառափի ձկնաբուծարաններն են
- Քննարկում՝ «Լավ, բա մասնագետ չկա՞»
- Հարյուրարավոր արագիլներ անկման են դատապարտված. ահազանգ
- Արագիլների անկում Արարատի մարզի Հովտաշատ գյուղում
- Արագիլով այլևս լուր չեք ուղարկի
- Գյուղը կանգնեց, արագիլին փրկեց
- Արագիլները չվող տեսակ են, բայց դարձել են մշտակյաց. բնապահպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան