Կառավարությունը ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու համար կհատկացնի 181 մլն դրամ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագիծը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և Գյումրու քաղապետարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ընտրվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Գյումրիում գտնվող 21,5 հեկտար զբաղեցնող տարածքը, որտեղ նախատեսվում է կառուցել ԱՏԳ սպասարկման կենտրոնը:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից Հայաստան տրանսպորտային միջոցների ներմուծման աննախադեպ աճի արդյունքում Նորագավիթի մաքսատանը գոյանում են մեծ հերթեր և տրանսպորտային միջոցների կուտակումներ:
«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, դրա համար շատ հրատապ ձեռնարկել ենք այս նախագիծը»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Ըստ նրա՝ Գյումրիում սպասարկման կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է լինելու 181 միլիոն դրամ, որից շուրջ 41 միլիոնը նախատեսված է մեկ անձի գնում կատարելու միջոցով նախագծա-նախահաշվային ծառայությունների ձեռքբերման, երկրաբանական-հետախուզական ծառայությունների ձեռքբերման ու հողի ուսումնասիրության ծառայությունների համար: 140 միլիոն դրամն էլ, ըստ Դավիթ Անանյանի, նախատեսվում է վարչական սարքավորումների ու ընդհանուր բնույթի այլ սարքավորումների ձեռքբերման համար:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը չի լինի «փառերով»՝ Նորագավիթի նման. վարչապետ
- Բոլորը հեռացվեն աշխատանքից. Վարչապետին զայրացրեց Նորագավիթի մաքսատան վիճակը