Այս պահին պաշտոնանկության հարց չկա. ԱԱՏՄ ղեկավար
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Էդգար Խուրշուդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2018 թվականից սկսած իրականացված աշխատանքների և վարույթների մասին հաշվետվություն։
Մինչ թվային տվյալներ ներկայացնելը, նա հիշեցրեց, որ մարմինն աշխատում է չորս ոլորտի ուղղությամբ՝ բժշկական սպասարկման և օգնության, դեղերի շրջանառության, սանիտարահամաճարակային պայմանների և կանոնների պահպանման և աշխատողների անվտագնության պայմանների նկատմամբ վերահսկողություն։
«ԱԱՏՄ 2018 թվականի ընթացքում իրականացված վարույթների կազմել է 208, իսկ հուլիսի 1-ի դրությամբ իրականացված վարույթների գումարային թիվը կազմել է 1100։ Ջրի որակի հետ կապված բազմաթիվ վարույթներ են եղել, և իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ խախտումներն ավելի շատ արձանագրվել են մարզերում։ Արդյունքում ստացել ենք պատասխանատվության ենթարկված մարդիկ և ունեցել ենք ջրի որակի համապատասխանեցում նորմերին»,- ասաց Խուրշուդյանը։
Ինչ վերաբերում է բժշկական օգնության և սպասարկման ոլորտին՝ նա նշեց, որ կրկին մեծ քանակի վարույթներ են եղել՝ բժիշկների վերապատրաստման հետ կապված։
Լրագրողները Խուրշուդյանից հետաքրքրվեցին առողջապահության նախարարի հետ հարաբերություններին, ինչին ի պատասխան ասաց. «Տեսչական մարմինների այս բարեփոխումների տրամաբանությունն այն էր, որ այդ մարմինները պետք է լինեն անկախ, կառավարությանը ենթակա և չեն ենթարկվելու լիազոր մարմնին, և բավականին մեծ չափով վերահսկում են նախարարության կողմից իրականացվող գործընթացները։ Այստեղ կարելի է տրամաբանական համարել ինչ-որ տեղ, որ կա որոշակի լարվածություն, դա հերքելու կամ հաստատելու կարիք չկա, կարող են լինել դիսկոմֆորտի ինչ-որ նշաններ, որոնք ժամանակի ընթացքում կհարթվեն»։
Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության հարցին, նա հավելեց, որ այսօրվա դրությամբ այդպիսի հարց չկա. «Դա որոշում է վարչապետը, այս պահին նման որոշում չկա, ես աշխատում եմ, կատարում եմ իմ պարտականությունները, մինչ այդ պահը մարմինն աշխատելու է բնականոն հունով»։