«Սանիթեք»-ի սեփականատեր. Պատրաստ ենք անմիջապես կատարել 4 մլն դոլարի ներդրում
«Մենք հայտարարում ենք ևս մեկ անգամ ու բոլորի համար, «Սանիթեք» ընկերությունը չունի քաղաքական ոչ մի պատկանելիություն։ Մեր միակ մտահոգությունն այն է, որ ընկերությունը պատշաճ ծառայի քաղաքին ու քաղաքացիներին, ամրապնդի ընկերության վիճակն այդ ծառայությունների մատուցման համար»,-լրագրողների հետ հանդիպմանը տեսակապի միջոցով հայտարարեց Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության տնօրեն ու սեփականատեր Նիկոլաս Թավիլը՝ անդրադառնալով իրենց ուղղված սաբոտաժ անելու, քաղաքային նախկին իշխանությունների հետ գործարք ունենալու վերաբերյալ մեղադրանքներին ու «բամբասանքներին»։
Ընկերության ներկայացուցիչներն ընդգծեցին, չնայած անկայուն վիճակին ու ընկերության կարողությունները սպառելուն ուղղված տեղական իշխանությունների համառ ջանքերին, ընկերությունը շարունակել է աշխատանքները, հույս ունենալով, որ քաղաքային իշխանությունների հետ կգան համաձայնության։
Նրանք նշեցին, Նուբարաշենի աղբանոցի աղետալի վիճակը, Երևանում ընթացող ակտիվ շինարարությունը, զբոսաշրջիկների թվի ավելացումը դժվարացրել են ընկերության աշխատանքը։
«Սանիթեք»-ն առաջարկում է քաղաքապետարանին իրենց անընդհատ վատաբանելու ձախողումները մատնացույց անելու փոխարեն, համատեղ ջանքերով քննարկել իրավիճակն ու լուծումներ գտնել ստեղծված իրավիճակի համար։
«Մենք պատրաստ ենք անմիջապես կատարել 4 մլն դոլարի ներդրում՝ նոր աղբատար մեքենաներ ու աղբադույլեր գնելու համար։ Պատրաստ ենք ներդրում կատարել տարեկան 500 աղբամանի ձեռքբերման համար, հնարավորինս արդիականացնել եղած ավտոպարկը, ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքերը, թափանցիկություն ու հաշվետվողականություն ապահովելու համար»,-ասաց սեփականատերը։
Նիկոլաս Թավիլն ասաց՝ միաժամանակ պատրաստ են ֆինանսական պարտավորությունների վերակառուցման։
Սա անելու համար նրանք երկու առաջարկ են ներկայացնում, ըստ այդմ քաղաքապետարանը պետք է պարտավորվի մշակել ու ներդնել աղբի կառավարման քաղաքականություն ու ծրագիր, այդ թվում Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացում, թափոնների հեռացման լայնածավալ քաղաքականության ներդրում և դրա վերահսկման կարողությունների ավելացում։
Ընկերությունն առաջարկում է վերանայել պայմանագրի արժեքը՝ ունենալով փարձագիտական եզրակացություն, որը կգնահատի «Սանիթեք»-ի կողմից մատուցվող ծառայությունների առևտրային արժեքը։
«Քաղաքապետարանը պետք է պարտավորվի ընդլայնել «Սանիթեք»-ի հետ պայմանագրի պայմանները, ինչպես նաև ետ վճարի մինչ այս անօրինական ճանապարհով վճարված տուգանքները»,-ասաց սեփականատերը։
Նա նաև տեղակացրեց, որ երկուշաբթի օրը որպես արբիտրաժային գործընթացի առաջին քայլ՝ կսկսեն արբիտրաժային նամակագրություն Հայաստանի կառավարության հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին