Խաժակյան. Քաղաքապետարանի մերժումը ամռան նախաշեմին կանխեց «Սանիթեք»-ի ներդրումները
««Սանիթեք» ընկերության ասուլիսում որևէ նոր բան չհնչեց։ Կարծում եմ, այն ժամանակավրեպ էր»,-նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Աղբահանության ճգնաժամ Երևանում․ինչպե՞ս կհանգուցալուծվի» թեմայով քննարկման ժամանակ։
Նա համարում է, որ մայրաքաղաքի աղբահանության գործը ստանձնած կազմակերպության կողմից առաջարկների բարձրաձայնումն ու հրապարակայնացումը ժամանակավրեպ է, քանի որ դրանց շուրջ ծավալված քննարկումներն էլ արդյունք չեն տվել։
«Կարծում եմ, «Սանիթեք» ընկերությունից քաղաքացիներն ակնկալիք չունեն։ Հիմա փաստորեն միակ տարբերակը մնում է սպասել, թե երբ համայնքային հիմնարկը կսկսի ամբողջ թափով գործել։ Հույս ունենք, որ առաջիկայում խնդիրը կլուծվի»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը՝ հիշեցնելով, որ ամռանը իշխանությունները չկարողացան աղբահանություն իրականացնել, իսկ համայնքային հիմնարկի ստեղծումը կարճաժամկետ լուծում է, մինչդեռ խնդրին համակարգային ու երկարաժամկետ լուծումներ են պետք։
Քննարկմանը մասնակից Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը մեղադրեց «Սանիթեք»-ին, ասաց չի կատարել իր պարտավորությունները։
«Հիմա խոսում են ներդրումների մասին։ Բայց ոչինչ չեն արել։ 2000 խոստացած աղբամաններից 200-ը եկան Երևան։ Ես դա էլ եմ համարում հրաշք»,-ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այս պարագայում էլ ընկերությունը խուսափել է մետաղական աղբամանների ձեռքբերումից, բերել է պլաստմասե աղբամաններ։
Համայնքային հիմնարկը, հրատապությունից ելնելով, բերել է պլաստմասե աղբամաններ, հետագայում բերելու է մետաղական։ Այս պահին ունի 12 մեքենա, Դավթաշեն վարչական շրջանում աղբահանությունը կիրականացնի համայնքային հիմնարկը։
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն անձամբ է գնացել «Սանիթեք» ընկերության ասուլիսին, ասաց՝ հստակ ոչինիչ չի լսել, թե ինչու է իր ղեկավարած ընկերությունը ձախողում Երևանում։ Մանրիկյանն ասում է՝ հավատում է քաղաքային իշխանությունների՝ քաղաքն աղբից մաքրելու մասին հայտարարությունների անկեղծությանը։
Դավիթ Խաժակյանն էլ ընդգծում է, եթե քաղաքապետարանը կապալառուի հետ անցնում է հրապարակային փոխհրաձգությունների, նշանակում է, որ բանակցություններն ու փոխադարձ շփումները ձախողված են։
«Որևէ տրամաբանություն չկա կապալառուի հետ հրապարակային բանավեճի մեջ մտնել, դա արդեն նորմալ չէ ու կարող է որևէ փուլում վնաս տալ։ Համայնքային հիմնարկի գործունեությունն էլ կարող է հանգեցնել, որ քաղաքացին աղբահանության համար վճարի երկու կազմակերպության»,-ասաց «Լույս»-ի ներկայացուցիչը։
Նրա խոսքով, իր ունեցած տեղեկություններով ներդրումներ կատարելու, համայնքային հիմնարկի գույքը «Սանիթեք»-ին վվարձակալության հանձնելու վերաբերյալ առաջարկներ ընկերությունն արել է նաև ամռանն ընդառաջ, սակայն քաղաքապետանը չի ընդունել։
«Միգուցե դա տրամաբանական էր, բայց մյուս կողմից ամռան նախաշեմին այդ քայլը կանխեց ներդրումները։ Եղավ աղբահամանների ներդրում, բայց շարունակությունը չեղավ։ Կարող էին գալ նաև նոր մեքենանր, բայց չեկան, քանի որ տպավորություն էր, որ «Սանիթեք» ընկերությունն անընդհատ մտավախություն ունի, որ իրեն շուկայից դուրս են մղելու, լուծելու են պայմանագիրը։ Քաղաքապետարանն էլ այս առումով ընդառաջ որևէ բան չասաց»,-նշեց ավագանու անդամը։
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Պիպոյան. Աղբահանության վիճակն ավելի վատ է լինելու, Մհեր Գրիգորյանի երդումը վկա
- Հայկ Մարության. «Սանիթեք»-ի ասուլիսում հնչեցին զավեշտի հասնող պնդումներ
- «Սանիթեք»-ի սեփականատեր. Պատրաստ ենք անմիջապես կատարել 4 մլն դոլարի ներդրում
- Սեփականատեր. «Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան