«Նիկոլ Փաշինյանի անթույլատրելի և վտանգավոր արարքը»
Նախօրեին Նիկոլ Փաշինյանն արեց մի հայտարարություն, որը չպետք է աներ: Նա վերցրեց եւ ի լուր ամբողջ աշխարհի ասաց, թե 2014թ.-ին պատրաստվել է մի գաղտնի զեկույց, որն ապացուցում է՝ հեղափոխությունից առաջ եւ որոշ իմաստով նաեւ հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում:
«Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը»,- հուզված ձայնով հայտարարեց Փաշինյանը եւ եկավ այն եզրահանգման, որ Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լուրջ մտորումների եւ մտահոգության պատճառ է դարձել:
Ա. Ինչո՞ւ է երկրի թիվ մեկ պաշտոնյան, վարչապետը գաղտնի փաստաթուղթ հրապարակում: Ի վերջո գաղտնի փաստաթուղթը ոչ թե դրանք հրապարակելու, այլ գաղտնի պահելու համար է:
Բ. Ինչո՞ւ է Թուրքիայի եւ Ադրբեջանի նման հարեւաններ ունեցող, Արցախի չլուծված խնդիր ունեցող երկրի ղեկավարը ի լուր աշխարհի հայտարարում, այն էլ հղում անելով գաղտնի փաստաթղթի, թե մեր երկիրը ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է, եւ որ Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները:
Գ. Իրականությունն այն է, որ Հայաստանում ինստիտուտները, իրենց բոլոր թերություններով հանդերձ, կան եւ ապահովում են մեր երկրի կենսագործունեությունը: Նիկոլ Փաշինյանը չէր կարող չիմանալ այս մասին: Եւ կրկին հարց է առաջանում, ինչո՞ւ է նման հայտարարություն անում:
Դ. Գաղտնի փաստաթղթին հղում անելով, միաժամանակ չնշելով, թե որ փասթաթղթի մասին է խոսքը, բայց շեշտելով, թե Հայաստանը ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է, Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, արդարացում է փնտրում մեկ տարի գրեթե ոչինչ չանելու, ոչ մի ձեռք բերում, ոչ մի նշանակալի հաջողություն չգրանցելու համար:
Շատ լավ կլիներ, որ այս ամենի մասին բարձրաձայնեինք ոչ թե մենք, այլ առաջին հերթին իմքայլական պատգամավորները, նախարարները, կառավարության անդամները, որոնք պետք է Նիկոլ Փաշինյանին նախ հորդորեին զերծ մնալ պետական գաղտնիք պարունակող փաստաթղերի հրապարակումից եւ երկրորդ, հուշեին, որ ինստիտուտները գործում են, եւ եթե չգործեին, այս երկրիրը առաջին հերթին չէր կարող դիմակայել բավական հզոր թշնամիներին:
Եւ պատահական չէ, որ այսօր արդեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանից պահանջում են հրապարակել ամբողջ փաստաթուղթը եւ միաժամանակ ակնարկում, որ այդպիսի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի:
Հակոբ Ասատրյան, Top-News.am
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա