Բակո Սահակյանի ելույթով Ստեփանակերտում մեկնարկեց միասնության հավաքը
Օգոստոսի 6-17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան Համահայկական ամառային 7-րդ խաղերը, որին ընդառաջ այսօր Արցախում ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք է կազմակերպվել։
Միջոցառմանը մասնակցում էր Արցախի ղեկավարությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ով հավաքի բացման խոսքում ասաց.
«Այսօրվա մեր համազգային հավաքը տեղի է ունենում պատմական իրադարձության նախաշեմին։ Վաղը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, հանդիսավոր պայմաններում կազդարարվի 7-րդ Համահայկական ամառային խաղերի բացման մասին։ Օգտվելով Արցախի նախագահի բարոյական իրավունքից ես Համահայկական խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեին առաջադրանք-խնդրանք եմ ուղղել՝ այն է, որ այս խաղերը պետք է լինեն լավագույնը։ Առաջադրանք-խնդրանք ուղղելով՝ ես նպատակ չեմ հետապնդել կասկածի առնելու նախորդ ժամանակաշրջանում կայացած Համահայկական խաղերը։ Դա ապերախտության դրսևորում չի եղել, ես այդ խնդրանքն ուղղել եմ ժամանակի հրամայականից ելնելով»:
Նա նշեց, որ Համահայկական խաղերի գործադիր մարմինը ջանացել է և ինքը համոզված է, որ նրանք կպարգևեն հետաքրքիր, գրավիչ, տպավորիչ պահեր։
«Այս ներկայացմանը, որին մենք մասնակից ենք լինելու, ունի նաև բեմականացված հատված, որտեղ նկարագրվում է, թե ով է հայը, ինչի համար ենք եկել այս աշխարհ, ինչ նպատակներ իրագործելու և ինչ առաքելությամբ»,- նշեց Արցախի նախագահը։
Անդրադառնալով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը՝ նա ասաց, որ այդ եռամիասնությունը ընդունել են որպես մտածելակերպ, առաջնորդվելու միջոց, կենսակերպ, որի շնորհիվ էլ հաղթահարել են պատերազմի ստացած խորը վերքերը, լուծել ու լուծում են բազմաթիվ խնդիրներ ու թևակոխել են կայուն զարգացման շրջան։
«Այսօր այստեղ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Արցախը պատրաստ է իր բաժին առաքելությունը հաստատակամությամբ, վճռականությամբ կատարելու, իր հայրենական անմնացորդ նվիրումը բերելու և ստեղծելու նախադրյալներ՝ մեր հաջորդ հաջողությունների ու հաղթանակների համար։ Ողջունելով ՀՀ վարչապետին, մայր Հայաստանից իրենց հայրենիքի արցախյան հատված այցելած քույրերին ու եղբայրներին, փաստում ենք, որ մեր ընտրած ուղին անշրջելի է և անկախ այս կամ այն իրադարձություններից, մենք գնալու ենք մեր երազանքների ու առաջադրանքների իրագործմանը»,- հավելեց Արցախի նախագահը՝ ողջունելով եռամիասնության կարևորությունը գիտակցողներին։
Եզրափակելով խոսքը՝ Բակո Սահակյանն ասաց, որ իրենք հետևողականորեն աշխատանքներ են իրականացնելու՝ Արցախի Հանրապետության անկախության միջագային ճանաչման համար, այդպիսով՝ մոտենալով գլխավոր երազանքին՝ ունենալ միացյալ հայրենիք:
Նշենք, որ հավաքին ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և պաշտոնատար այլ անձիք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան