Սարգիս Ստեփանյան. Ինչքան բան կա խոսելու մի մարդու հետ, որ հասկանում է քեզ
ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը երեկ հյուրընկալվել է հայ-ադրբեջանական սահմանագոտում երկու ոտքերը կորցրած Արմեն Ալիխանյանին: Հանդիպման մասին նա պատմել է իր ֆեյսբուքյան էջում, նաև լուսանկար է հրապարակել.
«Հանդիպեցինք նրա հյուրընկալ օջախում: Մեր հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում:
Ինչքան բան կա խոսելու մի մարդու հետ, որ հասկանում է քեզ, առավել քան որևէ մեկն այս աշխարհում, որովհետև նա անցել է քո անցած ճանապարհով, որովհետև նա զգացել է նույն կորստի ցավը, ունեցել է նույն ապրումները, բայց քեզ պես անսասան է մնացել:
Բազմաբովանդակ թեմաների շուրջ զրուցեցինք, փոխանակեցինք մեր մտքերն ու զգացողությունները: Մենք հավատում ենք, որ մեր ոգեղեն ուժի շնորհիվ կկարողանանք հաղթահարել շատ դժվարություններ՝ ոգևորելով մեր հարազատներին ու շրջապատի մարդկանց:
Արդյունքում հանդիպման վերջում Արմենը խոստացավ ջանք չխնայել, ոտքի կանգնել ու մարզվել:
Ի վերջո, անհնարին ոչինչ չկա, որովհետև մեր թիկունքին կանգնած է Աստված, մեր ընտանիքի անդամներն ու մի ողջ ժողովուրդ»։
Վիրավորվելու ժամանակ Սարգիս Ստեփանյանը 31 տարեկան էր։ Ծանր վիճակում գտնվելով վերակենդանացման բաժանմունքում՝ նա բոլոր զինվորներին բարի ծառայություն մաղթել է. «Աստված իրենց հետ»:
«Հայ զինվորի» հետ զրույցում Սարգիսը պատմել է. «Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է: Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում, իբր, պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ… ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվիր…»:
Վիրավորումից ամիսներ անց սկսել է ոչ միայն քայլել, այլև՝ սպորտով զբաղվել: ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն` հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների մրցումներում։ Նրան հաջողվել է մի քանի անգամ բարձրացնել 32 կգ կշռաքար և նրա սահմանած ռեկորդն ամրագրված է «Դյուցազնագրքում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան