Գևորգյան հոգևոր ճեմարանի «թաքնված» որմնանկարը
1969թ.-ին, աշխարհի տարբեր ծայրերում և մայր հայրենիքում աշխարհասփյուռ հայությունը մեծ շուքով նշում էր հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, բանահավաք, երաժշտագետ, խմբավար և երգիչ Կոմիտաս վարդապետի 100-ամյակը:
Նրա անհատականությամբ և գործունեությամբ ոգեշնչված, նկարիչներ Աշոտ Մելքոնյանը, Հակոբ Հակոբյանը, Հենրիկ Սիրավյանն ու Ռաֆայել Սարգսյանը նույն տարում ձեռնամուխ են լինում ճեմարանի գմբեթի նկարազարդման աշխատանքներին։ Այս առիթով նկարիչ Հակոբ Հակոբյանը գրում է. «Շատ ուրախ եղա նաև, որ մասնակցեցի Էջմիածնի ճեմարանի Կոմիտասին նվիրված գմբեթի նկարազարդմանը, որի մտահղացման հեղինակն Աշոտ Մելքոնյանն էր։ Նա գալիս էր ոչ թե ուրիշ տեղից, այլ ինքն իրենից։ Նա պատկեր հղանալու հիանալի «կոմպոզիտոր էր»... Մենք՝ նրան ճանաչողներս, նրա նկարչությունը սիրողներս, զինք չէինք կարող մոռանալ»։
Իրենց կյանքի և գործունեության ընթացքում Կոմիտասի կերպարին անդրադարձել են հայ արվեստագետներից շատերը և կերպարվեստում հայ հանճարին կերպավորող դիմապատկերները մեծ թիվ են կազմում։ Մինչ որմնանկարի ստեղծումը Աշոտ Մելքոնյանը և Հենրիկ Սիրավյանը ևս պատկերել էին Կոմիտասին: Ստեղծագործողներից յուրաքանչյուրը, Կոմիտասին նկարելիս, ցուցաբերել է իր անհատական մոտեցումը, սակայն նրան պատկերող գրեթե բոլոր դիմանկարներն ունեն մեկ ընդհանրություն՝ դրանք ներկայացնում են նրա հոգևորականի կերպարը։ Այս առումով ճեմարանի գմբեթի որմնանկարն իր տեսակի մեջ կարելի է եզակի համարել, քանի որ վերջինս անդրադարձ է աշխարհիկ Կոմիտասին։
Ստեղծագործությունը տեսնելու մեծ ցանկությունն ու հետաքրքրությունն ինձ տարավ Էջմիածին։ Դրա գեղեցկությունն ու կատարելությունը լիարժեք չէի կարող պատկերացնել, քանի որ տեսել էի գործը պատկերող ոչ ամբողջական մի քանի լուսանկար։ Բայց, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։ Այս պարագայում սպասումները լիովին արդարացված էին։ Որմնանկարի սրահի մուտքն առաջին հայացքից սովորական դասասենյակի մուտքի տպավորություն է ստեղծում, բայց ներս մտնելով դառնում ես հայ չորս վարպետների ստեղծած կոմիտասյան ուրույն աշխարհի ականատեսը։
Ութ մասից բաղկացած հորինվածքը ներքին մեծ հուզականություն պարունակող աշխատանք է, որի կենտրոնում՝ որպես յուրօրինակ բարձրակետ և կոմպոզիցիան հավաքող-կենտրոնացնող ֆիգուր, հառնում է ճամփեզրի քարին նստած Կոմիտասը՝ «շրջապատված» իր հավաքագրած, մշակած և սերունդների սեփականությունը դարձրած հայ գեղջկական, երկրագործական երգերի պատկերազարդումներով։ Առաստաղի տարբեր անկյուններից քեզ նայող տեսարանները կարծես մի պահ կենդանանում են ու թվում է դառնում ես ստեղծագործության մի մասնիկն ու ունկնդրում հայ գեղջուկի ու գեղջկուհու հոգեպարար ու քաղցրանուշ երգերը, դառնում նրանց առօրիայի մի մասը՝ նրանց հետ լավաշ թխում, աղբյուրից ջուր բերում, ցորեն խախալում, ձի հեծնում, հոտը դաշտ տանում ու օրվա վերջում դադրած նստում մի քարի տակ հանգստանում ու սրինգ նվագում։
Ճեմարանի գմբեթի ճարտարապետական կառուցվածքային առանձնահատկությանը համապատասխան տեսարանները առանձնացված են նուրբ և ընդհանուր գունապնակին համահունչ երանգավորում ունեցող եզրագոտիներով։ Գունային ու պատկերային ներդաշնակությունը դժվարացնում է նկարիչների ձեռագրերի տարբերակումը, ինչում էլ կայանում է ստեղծագործության կատարելությունը, սակայն պետք է փաստել, որ հեղինակների արվեստին քաջածանոթ աչքը կարող է անմիջապես տարբերակել ձեռագրերն ու մոտեցումները։
Որմնանկարը հակոբյանական հողագույնի հարուստ երանգների, մելքոնյանական նուրբ, քնարական ձևաստեղծման և սիրավյանական հայրենի բնության հզոր ուժի արտահայտման յուրօրինակ, համահունչ հանրագումարն է: Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել և ստեղծագործական խումբը ևս բախվել է իշխող խորհրդային կարգերի կողմից դրված սահմանափակումներին ու խոչընդոտներին: Աշխատանքի ստեղծման ժամանակահատվածում Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքը գտնվում էր կառավարության ենթակայության ներքո և որմնանկարի պատվիրատուն ոչ թե եկեղեցին էր, այլ իշխանությունը:
Հենվելով Կոմիտասի մասին իր պատկերացումների և հանրության շրջանում նրա կերպարի շուրջ ձևավորված ընկալումների վրա, ստեղծագործության համահեղինակ նկարիչ Հակոբ Հակոբյանը նրան պատկերում է վարդապետական զգեստով՝ սև սքեմով: Բայց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի 1-ին քարտուղար/1966-1974թթ./ Անտոն Քոչինյանի անակնկալ այցից հետո նկարիչը ստիպված է լինում հիմնովին կերպարանափոխել Կոմիտասի պատկերը՝ «վերադարձնելով» նրան Գերմանիայում ուսանած, աշխարհիկ հագուստով երիտասարդի կերպարը: Սակայն պետք է փաստել, որ առաջին հայացքից բացասական տրամադրվածություն առաջացնող այսօրինակ «պարտադրանքի» արդյունքում ստեղծված Կոմիտասի դիմապատկերն իր բնույթով եզակի է, քանի որ հայ գեղանկարչության մեջ նրա աշխարհիկ կերպարի պատկերման եզակի օրինակներից է։
Ստեղծագործության ամբողջականության վրա ժամանակը թողել է իր բացասական ազդեցությունը՝ ի հայտ են եկել ճաքեր, անձրևաջրերի հետքերը աղավաղել են պատկերները: Այս մտահոգությանն ի պատասխան, ճեմարանի աշխատակիցը հավաստիացրեց, որ շուտով իրականացվելու են վերականգնման աշխատանքներ։ 2007թ․-ին նման նախաձեռնություն սկսելու քայլեր են արվել, որի առաջնային նպատակն է եղել Կոմիտասի դիմանկարին վերադարձնել հոգևորականի կերպարը։ Սակայն, որմնանկարի հեղինակների երկրից բացակայելու և այդ գաղափարին համամիտ չլինելու հանգամանքով պայմանավորված, մտահղացումն այդպես էլ չի իրագործվել։
Հայ գեղանկարչության զարգացման գործում իրենց համեստ, բայց անգնահատելի ներդրումն ունեցած 4 նկարիչների համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված որմնանկարչական արվեստի յուրատեսակ այս ստեղծագործությունը «ճակատագրով կանխորոշված» էր իր ստեղծման վայրով, տեղադրությամբ, զբաղեցրած դիրքով և որ ամենակարևորն է «թաքնված» բովանդակային, սյուժետային լուծումներով անտեսանելի կամուրջ հանդիսանալ հոգևոր և աշխարհիկ մշակույթների միջև: 2019թ․-ը հոբելյանական է ոչ միայն Կոմիտասի, այլ նաև ճեմարանի գմբեթը զարդարող այս հիասքանչ ստեղծագործության համար՝ այն կանգուն է շուրջ կես դար:
Հեղինակ՝ Մարիաննա Մանուչարյան
Մշակութաբան,Ս․ Փարաջանովի թանգարանի գիտաշխատող
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա