Շատ խորհրդանշական եմ համարում, որ Համահայկական ամառային խաղերը տեղի են ունենում Ստեփանակերտում. Փաշինյան
Վարչապետ Փաշինյանը, այսօր Ստեփանակերտում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ հանդիպմանը նշել է, որ ոգևորությամբ սպասում է այսօր երեկոյան կայանալիք պաշտոնական բացման արարողությանը, որը, կազմակերպիչների հավաստմամբ, բարձր և պատշաճ մակարդակի միջոցառում է լինելու։
Կառավարության փոխանցմամբ, Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, անդրադարձել է Արցախում Համահայկական ամառային յոթերորդ խաղերի անցկացման կարևորությանը. «Շատ խորհրդանշական եմ համարում, որ Համահայկական ամառային յոթերորդ խաղերը տեղի են ունենում Ստեփանակերտում, Արցախում։ Ես երեկ էլ ասեցի, որ հենց Համահայկական խաղերի՝ Ստեփանակերտում անցկացումից ծագեց գաղափարը, որ խաղերը մեր համազգային խոսակցության շատ կարևոր և լավ հարթակ կարող են լինել։ Կարծում եմ՝ շատ օգտակար է, որ մենք իսկապես կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել։ Այդ առումով, իհարկե, Համահայկական խաղերը շատ կարևոր և բացառիկ նշանակություն ունեն։
Երբ մենք դեռևս անցյալ տարեվերջին քննարկում էինք Համահայկական ամառային յոթերորդ խաղերը և անելիքները, գաղափարն այն էր, որ մենք պետք է Համահայկական խաղերը հնարավորինս զարգացնենք և բոլոր առումներով լրջացնենք՝ և՜ մարզական, և՜ համահայկական կյանքի կազմակերպման, և՜ մշակութային առումով։ Շատ ուրախ եմ, որ այդ ուղղությամբ գնում ենք և իսկապես հաջողություն եմ մաղթում Համահայկական խաղերին։ Մանավանդ ընդհանրապես այս նոր իրավիճակի բերումով խաղերն առանձնահատուկ նշանակություն են ստանում, և հույս ունեմ, որ մենք իսկապես բոլորով կկարողանանք աշխատել»։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ներկայացնելով Համահայկական ամառային յոթերորդ խաղերի կազմակերպչական աշխատանքները, տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, ամեն ինչ ընթանում է հարթ և սահուն։ Նա նշել է, որ Համահայկական ամառային յոթերորդ խաղերին մասնակցում է 35 պետություն, 161 քաղաք։ Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների՝ մարզական պատվիրակությունների կազմում ընդգրկված մարզիկների, մարզիչների, միությունների ներկայացուցիչների, մրցավարների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկներով։ Այս տարի մասնակցում է 3 նոր պետություն՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք և Չեխիա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Համահայկական ամառային յոթերորդ խաղերին, ի համեմատություն նախորդ խաղերի, թվով ամենամեծ պատվիրակությունն է ուղարկել՝ 318 ներկայացուցիչ ԱՄՆ 11 քաղաքից։ Եվրոպական երկրներից ամենամեծ թվով պատվիրակները Ֆրանսիայից են՝ 178 մարզիկ 6 քաղաքից։ Ավստրալիայից ժամանել են Համահայկական նախորդ տարիների խաղերի համեմատ ամենամեծ թվով պատվիրակները՝ 86 մասնակից։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է կոմիտեի անդամներին և նշել, որ այսօր առավոտից Արցախում՝ Ասկերանում, Մարտակերտում, Մարտունիում, արդեն սկսվել են ֆուտբոլի, շախմատի, հեծանվային սպորտի, բազկամարտի մրցաշարերը, վաղը տեղի կունենան սպորտային պարերը։ Ընդհանուր առմամբ Համահայկական ամառային յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև, 5 մարզաձևի մրցաշար անցկացվելու է Արցախում, 12-ը՝ Երևանում։ Նա նաև մանրամասներ է ներկայացրել մարզական պատվիրակությունների տեղաբաշխման և համապատասխան պայմաններով ապահովման աշխատանքների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Համահայկականության կարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի ուժերի մեկտեղումը
- Բակո Սահակյանի ելույթով Ստեփանակերտում մեկնարկեց միասնության հավաքը
- Համահայկական ամառային խաղերի միջոցառումների տեխնիկական ապահովման մասին
- Համահայկական հանրահավաք Արցախում՝ Ամառային 7-րդ խաղերին ընդառաջ
- Արցախի ԱԱԾ-ն Համահայկական 7-րդ ամառային խաղերին ուժեղացված ծառայություն կիրականացնի
- Համահայկական ամառային խաղերի օտարերկրյա մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին