Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում
Ստամբուլահայ երգչուհի Մարալ Այվազը, որ հունիսին ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը՝ «Մարալի պես», այնուհետև տեսահոլովակ՝ «Գուշակի երգը», առաջիկա օրերին այցելելու է Հայաստան։
«Այս այցելության ընթացքում ցանկանում եմ ալբոմս ներկայացնել հայ ժողովրդին։ Ունեմ մի քանի հանդիպումներ, ամենաշատն ինձ հուզում է բանաստեղծ Սուրեն Մուրադյանի հետ հանդիպումը։ Իմ առաջին տեսահոլովակը՝ «Գուշակի երգը», հենց Սուրեն Մուրադյանի խոսքերով է, երաժշտության հեղինակը Գրիգոր Հախինյանն է։ Ծրագրելու եմ համերգներ և այլ ելույթներ հայրենիքում։ Իմ ամենամեծ երազանքն է շուտով ներկայանալ հայրենիքում, շփվել ժողովրդի հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարալը։
«Մարալի պես» ալբոմում ընդգրկված է հայերեն 8 երգ։ Խոսելով ալբոմի մասին՝ Մարալն ասաց. «Իմ առաջին ալբոմում ժողովրդական և արդիական ութ երգեր են ներկայացված, վեցը հանրաճանաչ երգեր են։ Այդ երգերից ամեն մեկն իրարից անկախ բնօրինակ ոճով վերամշակված ստեղծագործություններ են։ Ուշագրավ է հայ դասական և արդի գործիքների հարստությունն ու ներդաշնակ միասնակությունը։ Ալբոմի երաժշտական ղեկավարն է պոլսահայ երաժիշտ Արի Հերկելը, որը նաև կատարել է ալբոմի յոթ երգերի մշակումը։ Ալբոմի ամենաուշագրավ երգերից մեկն է «Անվերջ խավար», աշխարհահռչակ երաժիշտ, ուդահար Արա Տինքճիանին «Picture» անունով հորինումն է, որ ճանաչված և շատ սիրված է լայն զանգվածների կողմից թուրքերեն «Ağladıkça» անունով։ Ես այս երգին հայերեն խոսքեր գրեցի։ Իմ ալբոմը կառուցված է սիրված և արդեն հնչած երգերով։ Միայն «Վայրի ծաղիկ» երգն է նոր, որը Վահան Թեքեյանի բանաստեղծության հիման վրա է և նվագակցում է գերմանաբնակ հաջող երգիչ, երաժիշտ, կիթառահար Արեն Էմիրզեն։ Արդեն սիրահարված եմ հայ երգին ու երաժշտությանը»։
Հարցերին, թե Թուրքիայում հաճա՞խ եք կատարում հայերեն երգեր, ինչպիսի՞նն է լինում արձագանքը, արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը, Մարալը պատասխանեց. «Ստամբուլում մենք ունեն բազմաթիվ վարժարաններ, եկեղեցիներ, միություններ, երգչախմբեր։ Տարվա մեջ շատ ելույթներ ենք ունենում, որոնցից են նաև հայերեն երաժշտության համերգները։
Ես մանուկ հասակից հաճախում եմ Լուսավորիչ երգչախմբի բազմաձայն հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտության աշխատություններին՝ իբրև երգչախմբի անդամ և մենակատար, որը զանազան ձեռնարկներով բեմ է բարցրացել նաև Երևանի տարբեր դահլիճներում, բացի դրանից, հայ էստրատային երաժշտության համերգների ընթացքում եմ ելույթ ունեցել։ Այսինքն, այո, շատ հաճախ եմ հայերեն երգում։ Իմ անդրանիկ ալբոմը ներկայացնելու համար տարբեր մենահամերգներ պետք է նախաձեռնեմ։
Ինչ վերաբերում է Թուրքիայում հայերեն երաժշտություն կատարելուն, դյուրին չէ։
Սակայն այս դժվարությունը ոչ միայն գոյություն ունի Թուրքիայում, այլ յուրահատուկ տեղական լեզու ունեցող բոլոր երկրներում։ Օտարության մեջ հայկական մշակույթն ու ավանդույթները պահելը և հայերեն խոսելը, ստեղծագործելը, բավականին դժվար է։ Ես և իմ նմաններն ընտրեցինք այս ոչ դյուրին ճանապարհը, որ ջանքում ենք և միշտ պետք է ջանանք մեր ազգային արժեքները պահել և ժողովրդին ներկայացնել մեր ուժերին ներածին չափ»։
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, Մարալն ասաց, որ ձմեռային ամիսներին մասնակցելու է համայնքային զանազան համերգների, նաև Լուսավորիչ երգչախմբի մասնավոր համերգին, որ նվիրված է հիմնադրման 90-ամյակին, այնուհետև ծրագրում է երկու համերգ Ստամբուլում։
«Ցանկանում եմ ալբոմում ընդգրկված երգերից մեկի հիման վրա ևս մեկ տեսահոլովակ նկարահանեմ։ Պատրաստել եմ մի երգ, որի տեսահոլովակի նկարահանումը երազում եմ իրականացնել Հայաստանում։ Ինչպես արդեն նշեցի, երազում եմ հայրենիքում ելույթ ունենալ, Աստծո կամքով պիտի կատարեմ»,- նշեց նա։
Խոսելով իր հայկական արմատների մասին՝ պոլսահայ երգչուհին ասաց. «Հայրական կողմից արմատներս չորս սերունդ Պոլիսից են, մեծմորս կողմից էլ Պոլսեցի են, իսկ մեծհորս ծննդավայրն է Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղը։ Հորս հայրն է՝ Ստամբուլի «Քուլիս» թատերական հանդեսի հիմնադիր, խմբագիր, թատերական գործիչ լուսահոգի Հակոբ Այվազը։ Մորս մեծհայրն է իմ անդամակցած Լուսավորիչ երգչախումբի հիմնադիր վարիչ լուսահոգի Գրիգոր Կյումուշյանը։ Պատիվ է ունենալ նաև հայրենասեր, մշակութասեր մայր և հայր։ Մանկությանս տան մեջ կխոսեինք հայերեն, կլսեինք ու կերգեինք հայերեն երգեր։ Այսինքն, մեր հրաշք լեզուն առաջին անգամ լսած և սովորած եմ ընտանիքիս մեջ։ Այժմ այդ ավանդույթները շարունակում եմ ապրեցնել իմ հարազատ փոքրիկ ընտանիքիս մեջ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան