Իրենց «պապայի» տեղ չդնեն՝ որոշեն, թե ով ունի իրավունք առաջադրվելու. Արայիկ Հարությունյան
«Համոզված եմ, որ Արցախում տեղի են ունենալու թափանցիկ, ժողովրդավարական, օրինակելի ընտրություններ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Հարցին՝ վստա՞հ է, որ նախագահական ընտրություններին Բակո Սահակյանը չի առաջադրվի, Արայիկ Հարությունյանը պատասխանել է. «Ի՞նչ է նշանակում՝ Բակո Սահակյանն առաջադրվելու է, թե ոչ: Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու, և մենք հարգում ենք նրա որոշումը»
Նա նշեց նաև՝ չի կիսում այն միտքը, որ տարբեր քաղաքական գործիչներ, ուժեր հայտարարում են, թե Արցախում պետք է լինի միասնական թեկնածու:
«Արցախում ինչ իշխանություն է ձևավորելու, որոշելու է ժողովուրդն՝ իր կամարտահայտությամբ և ընտրությամբ: Հայտարարում են, թե 7-10 հոգի ընդհանուր թեկնածու պիտի լինի, միասնական թեկնածու պիտի լինի, ցուցակում սրանք-նրանք չպետք է լինեն: Այսինքն՝ Դուք ո՞վ եք, որ որոշեք՝ ով պիտի լինի թեկնածու։ Կա Սահմանադրություն, դրան համապատասխան ցանկացած ոք իրավունք ունի առաջադրվելու և ժողովուրդն է որոշելու, թե ով է լինելու նախագահը և ինչ քաղաքական ուժեր են մասնակցելու: Իսկ այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս զբաղվել քաղաքականությամբ, եթե քաղաքական գործիչներ են, և ներկայացնեն ծրագիր: Իրենց «պապայի» տեղ չդնեն, իրենք որոշեն՝ ով ունի իրավունք առաջադրվելու և դառնա նախագահի թեկնածու: Գոնե հավաքեք ձեր շուրջը մի քանի հոգի կամ օրենքին համապատասխան քաղաքական ուժ ձևավորելու համար թիմ, որից հետո քաղաքական հայտարարություններ արեք»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ «Ազատ հայրենիք»-ը դեմ է միասնական թեկնածուին, սակայն, ըստ նրա, կարող են լինել կոալիցիաներ, պայմանավորվածություններ, համաձայնություններ: