«Շիրակ» օդանավակայանում երբևէ ավիավառելիքի սպասարկման հետ կապված խնդիր չի եղել. Սաթենիկ Հովհաննիսյան
«Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունն իրականացնում է ներքին ուսումնասիրություններ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը մատուցել և շարունակում է մատուցել օդանավակայանային բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշները:
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունն արդեն իսկ իրականացնում է ներքին ուսումնասիրություններ և ստուգումներ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար, ինչպես նաև կապի մեջ է ավիաընկերության հետ: Արդյունքների մասին կտեղեկացնենք այն պատրաստ լինելուն պես և հորդորում ենք ժամանակից շուտ եզրահանգումների տեղի չտալ»,- ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նա միևնույն ժամանակ նշեց, որ «Շիրակ» օդանավակայանում երբևէ ավիավառելիքի սպասարկման հետ կապված որևէ խնդիր չի եղել:
Հիշեցնենք, որ դեպի Գյումրի «Պոբեդա» ավիաընկերության կողմից թռիչքների դադարեցման մասին հայտարարել էր «ՏԱՍՍ» գործակալությունը։ Ավիաընկերությունից որպես այդ քայլի պատճառ նշել էին Գյումրիում վառելիքի թերի լիցքավորումը։
Հարակից հրապարակումներ`
- Այ սա է օտար ընկերությունների վրա հույս դրած ապրելը. վարչապետի խորհրդականը՝ «Պոբեդա»-ի մասին
- Տաթևիկ Ռևազյան. «Պոբեդա»-ի հետ կապված խնդրի մասին նոր եմ իմացել
- «Պոբեդա»-ն հայտարարել է դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու մասին