Հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 19.49%
2019թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.7% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 23.3% և 17.3% գնանկումը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, մրգի ապրանքախմբում 2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.1%, իսկ 2019թ. հունիսի համեմատ` 23.3% գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի գները նվազել են 24.6-19.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 24.4%-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում էլ հուլիսին նախորդ տարվա 2018թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 11.7% գնաճ, իսկ 2019թ. հունիսի համեմատ՝ 17.3% գնանկում:
2019թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 19.49%:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.8 տոկոսային կետով: