Ուսումնական ծրագիր՝ նախ արեք պարտադիրը
Օրերս Կրթության նախարարը (երևի ավանդույթ դարձնենք նշել միայն այն ոլորտը, որի մասին խոսել է) ֆեյսուքում գրառում էր արել, որից ենթադրելի էր, նույնիսկ՝ հասկացվում էր, թե ուսումնական ծրագիրը համալրվել է նոր առարկաներով՝ մասնավորապես՝ «Կյանքի հմտություններով» ու «Գրաբարով»։ Ակտիվ քննարկումը և հարցադրումները այդ գրառման տակ, ինչպես և այլ գրառումների, մնացին անպատասխան։
Հարցերից մեկն օրինակ՝ ովքեր պիտի դասավանդեն «ԿՀ», եթե այն դասավանդելու համար լրացուցիչ դասընթացներ են պետք, որոնք ավարտվում են լիցենզիա տրամադրելով, կամ՝ ոչ։ Բացի այս՝ դասավանդման ընթացքը կազմակերպելու համար անհրաժեշտ են լրացուցիչ պիտույքներ, ինչը լրացուցիչ ծախսի հետ է կապված։
Եվ վերջինը՝ «ԿՀ»-ի բովանդակությունը աշխատանքային խումբը ստեղծել էր որպես հիմք, որի վրա դասվում էին և վերադասվում հտությունների զարգացումը։ Այսպիսով՝ «ԿՀ»-ն ոչ այնքան «առարկա» է, որքան՝ դասավանդման մեթոդիկա։
Ու Կրթության ազգային կենտրոնի աշխատանքային խումբը, տարիների դասավանդումից, վերապատրաստումից ու ուսումնասիրությունից հետո, ցանկություն էր հայտնել մշակել ձևեր՝ մեթոդները ներառելու ուսուցանվող առարկաների համար։
Ինչևէ՝ ամրագրենք, որ նախարարությունը ոչ ֆինանսական, ոչ ուսուցչական ռեզերվ չունի այս առարկան նորից ներմուծելու համար։
Ինչ վերաբերում է գրաբարին, ապա այս պարագայում կա երկու հարցադրում՝ արդյոք այնքան ծավալի դասավանդումը, որ ներառված է հայ գրականության մեջ, անբավարար է նախարարի համար։ Երկրորդը՝ իսկ ովքեր են դասավանդելու, եթե նույնիսկ «սովորական» հայոց լեզուն դպրոցն ավարտողները ամբողջության կամ գոնե բավարարի չեն տիրապետում։
Այո, հանրակրթական ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներն իրենց արտացոլումը գտան այս տարվա պետական ավարտական քննություններում։ Մասնավորապես, պատկերն ավելի լավ երևաց «Հայոց լեզու և գրականության» առարկայի պարագայում, որի քննությանը մասնակցած 5370 հոգուց անբավարար ստացավ քննություն 19.6 տոկոսը։
Ավելի վաղ Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշել էր, որ նման պատկերի հիմնական պատճառն այն է, որ տարիներ շարունակ դասաժամերի թիվը գնալով նվազել է։
Այս, նոր ուսումնական պլանում հնարավոր նոր առարկաների ավելացման և մի քանի այլ խնդիրների մասին Panorama.am-ը զրուցեց ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ։
Մեր զրուցակիցը նախ տեղեկացրեց, որ հանրապետության հանրակրթական դպրոցների այս տարվա ուսումնական պլանում նոր առարկայացանկը չի փոփոխվի, որևէ նոր առարկա չի լինի, ինչը ենթադրում է, որ «Հայոց լեզու և գրականության» առարկայի դասաժամերի ավելացում չի նախատեսվում։՚
«Այս տարի որևէ փոփոխություն չենք արել առարակայացանկում, քանի որ նախարարությունում վերանայվում է հանրակրթական պետական չափորոշիչը, դրանից հետո նոր ամբողջությամբ կվերանայվի նաև առարկայացանկը։ Մասնագիտական խումբ է աշխատում, որի եզրակացությունից հետո արդեն պարզ կլինի, թե որ առարկաներին որքան ժամանքանակ կտրամադրվի, դրանից բխող նաև առարկայական ծրագրեր, չափորոշիչներ ամբողջությամբ կփոփոխվեն։ Ներկայումս առարկաների հետ կապված որևէ փոփոխություն չկա»,- ասաց Արշակյանը։
Հարցին, թե վերանայման աշխատանքը ե՞րբ կավարտվի և հնարավո՞ր է նշել առարկաների անուններ, որոնք կհանվեն կամ կավելանան, մեր զրուցակիցը հստակ ոչինչ չասաց. «Առարկաների անուններ այս պահին հնարավոր չէ նշել։ Հստակ ժամկետ ասել չեմ կարող։ Երբ որ աշխատանքներն ավարտված կլինեն, դրա մեջ հստակ նշված կլինեն առարկայախմբերն իրենց ժամաքանակով»։
Մեր դիտարկմանը, թե հնարավոր նոր առարկաների ավելացումը ենթադրում է ուսումնական լրացուցիչ նյութեր, ինչն էլ լրացուցիչ ծախսեր են, նախարարության պաշտոնյան ասաց, որ ֆինանսական միջոցների ավելացման մասին ևս հիմա ոչինչ չի կարող ասել, քանի որ նոր առարկաների և առհասարակ առարկաների ավելացման կամ պակասեցման մասին ոչ մի որոշում դեռևս չունեն։
Նշենք, որ այսօր ոլորտում ամենացավոտ ու կարևորագույն խնդիրներից մեկը ուսուցիչների հարցն է։ Մի կողմից ասում են՝ ուսուցիչները ավելի շատ են, քան հասնում է աշակերտների քանակին, մյուս կողմից՝ գյուղական համայքների շատ դպրոցներում այնպիսի առաջնային առարկաների ուսուցիչների խնդիր կա, ինչպիսիք են Պատմություն, Մաթեմատիկան, Աշխարհագրությունը։
Սրա վերաբերյալ ոլորտի պատասխանատուն ասաց, որ իսկապես լեռնային, սահմանամերձ շատ շրջաններում ուսուցիչների պակաս կա և կրկին վկայակոչեց վերը նշված բարեփոխումների գործընթացը, որով այս հարցն էլ են փորձելու կարգավորել։
«Բնականաբար, եթե ամեն ինչ նորմալ լիներ, նախարարությունը բովանդակային փոփոխություններ չէր իրականացնի»,- հավելեց նա։
Ստացվում է, որ առաջիկա ուսումնական տարում ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես որ կար։