Ստեփանակերտում կայացավ Համահայկական 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում երեկ` օգոստոսի 6-ին, կայացավ Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
«Արցախպրես»-ի հադորդմամբ, հանդիսավոր արարողության մեկնարկին թատերական բեմադրությամբ ներկայացվել է հայոց պատմության ամենավառ էջերը` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն, Հայկ նահապետից մինչև Տիգրան Մեծ, Արցախյան ազատագրական պայքարից մինչև Ապրիլյան պատերազմ և մեր օրեր:
Այնուհետև մեկնարկել է պատվիրակությունների շքերթը, որի կազմում էին 35 երկրների 161 քաղաքների ավելի քան 5244 մարզիկներ:
Հաջորդիվ ՊԲ պատվո շքախմբի ուղեկցությամբ մարզադաշտ են բերվել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների պետական դրոշները:
Միջոցառմանը Համահայկական խաղերի դրոշը մարզադաշտ են բերել օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը, սամբիստ Արևիկ Կարապետյանը, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, շախմատիստ Գաբրիել Սարգսյանը, ըմբիշ Արամ Մարգարյանը և սամբիստ Մավրիկ Նասիբյանը:
Հանդիսավոր արարողությանը վառվել են եռամիասնության երեք ջահերը: Արցախի Տիգրանակերտից բերված ջահը վառելու պատիվը տրվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Մուսա լեռից և Արևմտյան Հայաստանից բերված ջահը` Համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանին, իսկ Խոր վիրապից բերված ջահը` Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանին:
Մարզիկների անունից երդվել են Փարիզի բասկետբոլի թիմից Նաիրի Մանուկյանը, իսկ մրցավարների անունից` Սուրեն Պրազյանը:
Համահայկական խաղերի կազմակերպման գործում ծանրակշիռ ներդրում ունենալու համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» շքանշանով պարգևատրվել են Համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանը, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սըրմաքեշը:
Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացումն ազդարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ այսօր մեր հայրենիքում տոն է, քանի որ մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ Եվրոպայից, Ասիայից, Ավստրալիայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից մեկտեղվել են հայության արժանապատվության միջնաբերդ Արցախում, և մենք վայելում ենք միասին լինելու, իրար հետ լինելու երջանկությունը։
«Մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու, զգալու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք։ Մենք հավաքվել ենք արձանագրելու, որ ունենք պատմություն, որ ունենք ինքնություն, որ ունենք պետականություն և ունենք կամք՝ մեր ժողովրդի հազարամյա հաղթական երթը նոր հազարամյակներով շարունակելու։
Այսօր մենք հավաքվել ենք հզոր և անկոտրում մեր կամքը, մեր հաղթանակի կամքը, մեր ապրելու, ստեղծագործելու, մեր պետականությունը զարգացնելու կամքը բարձրաձայնելու։ Այսօր Համահայկական յոթերորդ խաղերի հազարավոր ներկայացուցիչներ դաստիարակելու, հզորացնելու և զարգացնելու են մեր ժողովրդի հաղթելու կամքը և հմտությունը»,- նշել է Ն. Փաշինյանը:
Իր խոսքում ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ օրը հիշարժան է, քանի որ Համահայկական ամառային խաղերն առաջին անգամ են անցկացվում մեր հանրապետությունում:
«Համահայկական խաղերն իրենց բնույթով կարելի է համարել մեր սպորտային անցյալը, ներկան ու ապագան իրար կապող կարեւոր մի օղակ: Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016 թ.-ին, Ապրիլյան պատերազմից հետո, ինչն ինքնին խորհրդանշական է: Սա յուրովի մի պատասխան է ագրեսիային և բռնությանը:
Սպորտը, մարմնավորելով ուժ, կամք, կազմակերպվածություն ու միասնականություն, միաժամանակ հանդիսանում է ատելության ու թշնամանքի հակապատկերը: Այն չի ճանաչում սահմաններ եւ խոչընդոտներ, միավորում է տարբեր ազգերի ու երկրների: Մեր պարագայում դա եւս մեկ խթան է՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը»,- ավելացրել է ԱՀ Նախագահը:
Բ. Սահակյանը նշել է, որ անկախ արդյունքներից՝ այս խաղերում չեն լինելու պարտվողներ: Հաղթելու է մեր ողջ ժողովուրդը, հաղթելու են մեր միասնականությունը, մեր կամքն ու վճռականությունը:
Տոնական միջոցառումը զուգակցվել է համերգային ծրագրով: Բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է շքեղ հրավառությամբ:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, հյուրեր արտերկրից և այլք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան