«Ժողովուրդ». Մելիք Մանուկյանը պայթյունի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան-Սևան ճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեռոր համարեց։ Հիշեցնենք, որ այդ օրը պայթյուն է եղել ճանապարհի սկզբնամասում գտնվող շշերի գործարանում։ Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհածածկույթը և երկու մեքենա։ Մեքենաները պատկանում էին հենց նախկին պատգամավորին, և ապա պարզ դարձավ, որ պայթյունը միտումնավոր է եղել, և պայթուցիկ սարքն էլ հեռակառավարվել է կողքին գտնվող չգործող հյուրանոցից։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել երեք անձի։
Ու մինչ իրավապահները կալանավորվածների հետ բացատրական աշխատանքներ են տանում, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հետ` հասկանալու համար, թե ինչ խնդիր է ունեցել նա կալանավորվածների հետ, որ ցանկացել են հենց կամուրջը պայթեցնելու միջոցով իրեն սպանել:
Աժ նախկին պատգամավորը, անդրադառնալով կատարվածին, հայտնեց. «Ես էլ Ձեզ եմ հարց տալիս` ինչի: Այդ մայրուղիով Դուք անցել եք, գիտեք ինչքան մեքենա է անցնում այդ մայրուղիով, բա եթե Դուք անցնեիք այդ մայրուղիով, նման բաների մասին գրե՛ք ...հերիք է ինձ կապեք քրեական թեմաների հետ: Դա միջպետական գլխավոր ճանապարհ է և ամենակարևոր ճանապարհն է. եթե Դուք ինձ ցույց տաք այդպիսի ճանապարհ, մոստ տրաքացնելով մահափորձ անեն, հա, մեքենաներ տրաքացրել են, բայց մոստ... միջպետական ճանապարհին... ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է: Առնվազն 100-200 ավտո այդտեղ են եղել, բա որ մեկին մի բան լինե՞ր. որևէ մեկին բան չեղավ, ու լավ է, որ չեղավ: Միջպետական ճանապարհը տրաքացնում եք, այս ինչ եք անում, նման դեպքը լրիվ տեռոր է»։
Մեր այն հարցին` այդ դեպքում ինչու են վերոնշյալ մարդիկ այդ կերպ փորձել իրենից վրեժխնդիր լինել, ԱԺ նախկին պատգամավորը ասաց, որ չգիտի. «Իրենցից պետք է հարցնեք` ինչի, և իրենց ով ասեց` գնացե՛ք արեք. ես այդ հարցերի պատասխանը չունեմ, ես այդ հարցի դեպքում միայն այս պատասխանը ունեմ, որ այդ մարդիկ պետք է ասեն` և՛ պետության, և՛ իմ դեմ ինչի համար են նման բան արել, կամ իրենց ով է կազմակերպել, որ գան նման բան անեն: Վերջ, է՛լ որևէ բան չեմ կարող ասել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում