Ամուլսարում բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած խուլիգանության քրգործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ջերմուկ քաղաքի երեք բնակչի՝ խուլիգանության, ինչպես նաև երեք անձի ծեծի ենթարկելու համար:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2018թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների և նշված ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Ջերմուկ քաղաքի բնակիչը՝ ծնված 1993թ., իր ընկերոջ՝ նույն քաղաքի՝ 1987թ. ծնված բնակչի հետ ծեծի է ենթարկել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակցին և նրա որդուն՝ ձեռքերով և ոտքերով խառը հարվածներ հասցնելով նրանց, որի հետևանքով վերջիններիս պատճառվել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ:
Բացի այդ, 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչը իրեն պատկանող «Վազ-21015» մակնիշի ավտոմեքենայով 2 համաքաղաքացիներին, վերջիններիս խնդրանքով, տեղափոխել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող անձանց կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տարածք տանող ճանապարհն արգելափակելու նպատակով ստեղծված կացարան, որտեղ նրանք 26-ամյա համաքաղաքացու հետ ալկոհոլ են օգտագործել: Այնուհետև վերջիններս «Վազ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդին խնդրել են իրենց տեղափոխել Ջերմուկ քաղաք, որտեղ 26-ամյա երիտասարդի և նշված ավտոմեքենայի վարորդի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում իր անձի առավելությունը վարորդի նկատմամբ ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական մղումներով 26-ամյա երիտասարդը ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա գլխին, ինչից հետո նրանք իջել են ավտոմեքենայից:
Այդ ընթացքում նրանց է մոտեցել նաև Ջերմուկ քաղաքի 27-ամյա բնակիչը, ով առանց պարզելու վիճաբանության բուն պատճառը, միանալով ընկերոջ խուլիգանական գործողություններին, նրա հետ համատեղ քաշել ու վայր են գցել մեքենայի վարորդին և երկուսով ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ անկանոն հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Ավտոմեքենայի վարորդի նկատմամբ բռնության գործադրման ընթացքում 26-ամյա երիտասարդը հայհոյանքներ և վիրավորական կոպիտ արտահայտություններ է հնչեցրել:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների կողմից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվելու ժամանակ 26-ամյա երիտասարդը չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող նշված ծառայողների օրինական պահանջներին, բացի այդ շարունակելով իր խուլիգանական գործողությունները՝ բարձրաձայն հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել, ինչպես նաև ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ջերմուկ քաղաքի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան