Մեզ համար շատ կարևոր է, որ գաղտնի ինֆորմացիայի որևէ արտահոսք չլինի. Արմեն Գրիգորյան
«Անվտանգության տեսանկյունից, բնականաբար, լավ կլիներ, որ այդ փաստաթղթերը չհայտնվեին BBC-ի մոտ, բայց եթե հայտնվել են, արդեն քննչական մարմինների գործառույթն է դրանով զբաղվելը»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով BBC-ի ռուսական ծառայության կողմից Մարտի 1-ի գործի հետ կապված հրապարակմանը:
Հարցին՝ անվտանգության տեսանկյունից սա սպառնալիք չէ՞, ԱԽ քարտուղարը նշեց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ լուծված է այդ հարցը: «Գաղտնիության հարցի հետ առնչվում են բոլորը: «Վիկիլիքս»-ը դրա վառ օրինակն է, որ նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրներից մեկի՝ Միացյալ նահանգների ամբողջ գաղտնի փաստաթղթերը հայտնվել են լրատվամիջոցներում: Մենք ապահովագրված չենք դրանից, բայց աշխատում ենք, որպեսզի մինիմումի հասցնենք այդ վտանգը»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը:
Դիտարկմանը՝ չի բացառում, որ Հայաստանի անվտանգության հետ կապված փաստաթղթերը կարող են հայտնվել նույնիսկ թշնամական երկրներում, ԱԽ քարտուղարն ասաց՝ ամեն ինչ անում են, որ արտահոսք չլինի և դրա համար կան մեխանիզմներ, կա գաղտնիության մասին օրենք:
Հարցին՝ երաշխավորո՞ւմ է, որ այդ փաստաթղթերը BBC-ի ձեռքում չեն հայտնվել իշխանության ներկայացուցիչների կամ պաշտոնատար անձանց աջակցությամբ, Արմեն Գրիգորյանը նշեց, որ դրա համար պատասխանատու մարմինը պետք է հետաքննություն իրականացնի՝ հասկանալու համար, թե ինչ պատճառով են այդ փաստաթղթերը հայտնվել տվյալ լրատվամիջոցի ձեռքում:
Նրա խոսքով՝ այդ փաստը մտահոգում է ոչ միայն իրեն, այլև անվտանգության համար ցանկացած պատասխանատուի համար։ «Մեզ համար շատ կարևոր է, որ գաղտնի ինֆորմացիայի որևէ արտահոսք չլինի, քանի որ գաղտնիությունը նշանակում է նաև ապահովվածություն, անվտանգություն»,- ընդգծեց նա: