Դատախազությունն արձագանքել է BBC-ի հրապարակմանը
Գլխավոր դատախազությունն արձագանքել է BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հրապարակմանն և դրա վերաբերյալ հնչած մեկնաբանություններին։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհետական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն և ուղղորդված կերպով թիրախավորելով նախաքննական մարմնին և դատախազությանը:
Պետք է ակնհայտ լիներ, որ 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կոնկրետ հրապարակման մեջ նշվող հանգամանքների վերաբերյալ ապացույցների բավարար համակցություն ունենալու դեպքում կկայացվեին դրանից բխող համապատասխան դատավարական որոշումներ, կհարուցվեր քրեական հետապնդում, որոնց վերաբերյալ կապահովվեր պատշաճ իրազեկում:
Միաժամանակ հարկ է նշել, որ նախաքննության շրջանակներում ձեռնարկվել և ձեռնարկվում են բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողություններ ոչ միայն հրապարակման մեջ նշվող, այլ նաև մի շարք այլ հանգամանքների, վարկածների ստուգման նպատակով:
Նշված հանգամանքների ստուգման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ որոշակի տվյալներ առկա են նաև քրեական գործից անջատված և դատարան ուղարկված նյութերում: Իսկ նախաքննության ավարտից և գործը դատարան ուղարկվելուց հետո այդ նյութերը հրապարակային են, հասանելի բազմաթիվ այլ շրջանակների: Հետևաբար որքան էլ անընդունելի է, այնուհանդերձ, հնարավոր չէր բացառել տարատեսակ տեղեկատվական ռեսուրսներում, պաշտոնապես չճշտված լինելու պայմաններում, դրանք յուրովի մեկնաբանությունների արժանանալու հավանականությունը:
Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ քրեական գործի՝ բացառապես նախաքննության փուլում գտնվող նյութերն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության հրապարակելու ցանկացած փորձի մասին իրավապահ մարմիններին հասու դառնալու դեպքում անհապաղ միջոցներ կձեռնարկվեն դրանք քրեաիրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ»։