Նագասակիում նշվել է 74 տարի առաջ ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը
Ճապոնիայի Նագասակի քաղաքում մեկ րոպե լռությամբ հարգել են ճիշտ 74 տարի առաջ ատոմային ռմբակոծության արդյունքում զոհվածների հիշատակը: Հիշատակման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ավելի քան յոթ տասնյակ երկրներից հյուրերի մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ, արարողությանը ներկա է եղել ավելի քան հինգ հազար մարդ:
Լռության րոպե էր հայտարարվել տեղական ժամանակով ուղիղ 11.02-ին, ճիշտ այն ժամին, երբ ատոմային ռումբը պայթեց Նագասակիում։Այդ ժամանակ քաղաքում սպանվեց 74 հազար մարդ: Ոչնչացվեցին ինստիտուտներ, դպրոցներ ու հիվանդանոցներ, այդ ժամանակաշրջանում Ասիայի ամենամեծ տաճարը:
Ներկաներին դիմել է Նագասակիի քաղաքապետ Թոմիհիսա Թաուեն, ընթերցելով «Խաղաղության հռչակագիրը»: Այս մասին գրում է Al Jazeera-ն։
«Ես կոչ եմ անում հատկապես Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին՝ որպես միջուկային գերտերություններ, պատասխանատվություն վերցնել և աշխարհին ցույց տալ կոնկրետ քայլեր՝ միջուկային զենքի արմատական կրճատման ուղղությամբ», - ասել է քաղաքապետը:
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել Ճապոնիայի կառավարությանը ստորագրել և վավերացնել միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը, որն ընդունվել է 122 երկրների կողմից 2017 թվականի հուլիսին, սակայն ուժի մեջ չի մտել, քանի որ չի վավերացվել անհրաժեշտ 50 երկրների կողմից։ Ճապոնիան, որի պաշտպանությունը կախված է Միացյալ Նահանգներից, չի միացել պայմանագրին` միջուկային և ոչ միջուկային տերությունների միջև տարաձայնությունները չմեծացնելու պատրվակով:
Այս շաբաթ՝ օգոստոսի 6-ին, հիշատակման արարողություն տեղի ունեցավ նաև Հիրոսիմայում՝ կապված ատոմային ռմբակոծության 74-ամյակի հետ։
Հիշեցնենք, որ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները (համապատասխանաբար 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին), մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական կիրառման միակ օրինակներն են։ Այն իրականացվեց ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում։ Պաշտոնապես հայտարարված նպատակը Ճապոնիայի կապիտուլյացիան արագացն էր՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան թատերաբեմի ռազմական գործողությունների շրջանակներում։ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններից մահացել է 214 հազար մարդ։
Ճապոնիայի կապիտուլյացիայի հարցում ատոմային ռմբակոծության դերը և բուն ռմբակոծությունների էթիկական արդարացումները մինչ օրս սուր վեճերի առարկա են։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան