Փաշինյան. Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է
«2019 թ. առաջին 6 ամիսների արդյունքներով Հայաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 19 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2019 թ. առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 12.8 տոկոսով»,-Ղրղզստանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը նման տվյալներ է հրապարակել Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Կառավարությունից նաև հայտնում են, որ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ անելիքների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը փաստել են, որ երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դինամիկ աճ, և պետք է շարունակել ակտիվ աշխատանքը հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։
ՌԴ կառավարության նախագահը ողջունել է Հայաստանի հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում և նշել, որ երկկողմ հարաբերություններում վերընթաց զարգացում կա, ինչի մասին է վկայում տարբեր մակարդակներում բարձրաստիճան պաշտոնական հանդիպումների և շփումների հաճախականությունը՝ թե՛ երկրների ղեկավարների, թե՛ միջկառավարական, թե՛ միջխորհրդարանական ձևաչափերով։
Վարչապետ Փաշինյանը նաև գոհունակությամբ նշել է, որ Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է։ Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ-ի ամբողջ ներուժի լիարժեք օգտագործումը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև վերջին շրջանում հայաստանյան և ռուսաստանյան ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի շուրջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում